Monday, October 31, 2011

ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի անդամակցությունը որևէ կերպ չի կարող անդրադառանալ ԼՂ հարցի վրա. ադրբեջանցի կուսակցապետ

Tert.am. 30-10-2011- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի անդամակցությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այս մասին SalamNews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի «Այդընլար» կուսակցության առաջնորդ Գուլամգուսեյն Ալիբեյլին:
«Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կարող է որոշակի քաղաքական դիվիդենտներ բերել երկրին: Բանն այն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը կառույց է, որը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարբեր որոշումների ընդունման հարցում: Բնականաբար, Ադրբեջանը, լինելով այդ կառույցի անդամ, կարող է իր կարծիքն արտահայտել աշխարհում ընթացող գործընթացների վերաբերյալ»,- ասել է Ալիբեյլին:
Ի պատասխան այն հարցի, թե «ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա», ադրբեջանցի քաղաքական գործիչն ասել է. «Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը մի քանի բանաձևեր է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ՄԱԿ-ի ԱԽ-ն այդ խնդրի լուծումը հանձնարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հայաստանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի հարցը կախված չէ միայն Մինսկի խմբից և Ադրբեջանից: Այդ տեսանկյունից չեմ կարծում, որ այդ կառույցին Ադրբեջանի անդամակցությունը համարվում է այն գործոնը, որը կարող է ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Սակայն, ամեն դեպքում, եթե այդ հարցը բարձրացվի ԱԽ-ում, Ադրբեջանը կարող է որոշակի օգուտ ստանալ»:

No comments: