Sunday, October 2, 2011

Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյան. «Աղանդները քաղաքական նպատակ ունեն՝ պառակտել հասարակությունը»

Panorama.am. 1-10-2011- Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, այսօր խոսելով վերջին շրջանում կրոնական կազմակերպությունների ակտիվացման մասին, նշեց, որ աղանդները քաղաքական նպատակ ունեն՝ պառակտել հասարակությունը:
Տեր վարդապետի խոսքերով` 19-րդ դարից սկսած աղճատվել է կրոնը և ստեղծվել են ճյուղավորումներ: Նա նշեց, որ բոլոր այն խմբերը, որոնք այլ կերպ են մեկնաբանում Ատսվածաշունչը, աղանդներ են: Սակայն, ըստ վարդապետի, դրանցից ոչ մեկը հայկական չէ, բայց հայերը ատամներով են պաշտպանում նրանց:
«Այս մասին զգուշացվում էր նաև Աստվածաշնչում, որ գալու են սուտ մարգարեներ` գառան դիմակով և ասելու, որ իրենք են Քրիստոսը: Իսկ մենք, որտեղ աղբանյութ կա, դիմադրելու և ոչնչացնելու փոխարեն, գնում, գրկախառնվում ենք»,- ընդգծեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Ըստ նրա` թեև աղանդները հիմնականում արևմտյան երկրների ծնունդ են, այդուհանդերձ եվրոպական երկրներում դրանց զսպելու միջոցները զորեղ են. «Որովհետև եվրոպացին հստակ գիտի, ինչ է նշանակում եվրոպացի, իսկ մենք չգիտենք: Մենք Եվրոպայից միայն վատ, մարմնական երևույթներն ենք ընդունում: Իսկ իրականում եվրոպացի նշանակում է մակարդակ` իր հոգևոր ու մշակութային արժեքներով»,- ասաց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Ասուլիսին ներկա Տեր Եսայի քահանա Արթենյանը անդրադառնալով «Կրոնի և խղճի ազատության մասին» օրենքի նոր նախագծին, նշեց, որ նախագիծը «մի տեսակ երկակի սրի պես բան է` այնտեղ կարելի է գտնել և’ դրական, և’ բացասական բաներ», և, անշուշտ, դեռ հղկելու շատ կետեր կան: Տեր Եսայի խոսքերով` զավեշտի է վերածվում այն, որ նախագծին ընդիիմանում են հատկապես աղանդավորները. «Ասում են` մենք հոգեորսություն չենք ունենում, բայց բողոքում ու պայքարում են հենց հոգեորսություն սահմանման դեմ»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հայ եկեղեցին արդյոք թույլ չէ՞, որ շատանում են կրոնական կազմակերպությունները, քահանան պատասխանեց, որ հայ եկեղեցին երբեք թույլ չի եղել: «Անկախացումից հետո սուղ պայմաններ էին, և եկեղեցին չէր կարողանում մարդկանց կրոնական կարիքները լրացնել, իսկ այժմ վերականգնվում են բացերը»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նշվեց նաև, որ նոր օրենքի նախագիծը քննարկվում է Մայր Աթոռում և շուտով կհրապարակվի եկեղեցու դիրքորոշումը:

No comments: