Sunday, October 2, 2011

Լևոն Շիրինյան. Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը

Panorama.am. 1-10-2011- Թուրքիան փորձում է վերականգնել իր ազդեցությունը նախկինում Օսմանյան կայսրության մաս հանդիսացող երկրներում: Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին զարգացումներին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
«Թուրքիան իր բնույթով ագրեսիվ պետություն է, ստեղծվել է ագրեսիայի շնորհիվ և գիշատչությունը մնացել է այս էթնոսի մեջ»,- նշեց Լևոն Շիրինյանը` հավելելով, որ թուրքական վերանախավի մտածելակերպը իր հերթին Օսմանյան դարաշրջանից առ այսօր չի փոխվել և հարմար առիթի դեպքում այն միշտ էլ ձգտում է ծավալվել:
«Թուրքիան իր մկաններում մեծ ուժ է զգում»,-ասաց Լևոն Շիրինյանը` ավելացնելով, որ այս տեսանկյունից, Թուրքիայն իր ծավալման համար ամենահարմար պահն է գտել՝ հանձինս Արաբական աշխարհում ծավալվող իրադարձությունների:
Բանախոսը նշեց, որ ներկայումս արաբական աշխարհում տեղի է ունենում ռազմական էլիտայի փոփոխություն և Թուրքիան փորձում է օգտվել այս գործընթացներից և ծավալվել «դեպի մերձավոր և միջին արևելք, որը «հոգեբանորեն իրենն է համարում» այն պարզ պատճառով, որ ժամանակին այդ տարածաշրջանը մտել է Օսմանյան Կայսրության կազմի մեջ:
Այդ իսկ պատճառով, ըստ Լևոն Շիրինյանի, Թուրքիան ձգտում է ստանձնել հակաիսրայելական պայքարի առաջնորդի դերը:
Նա նաև հավաստիացրեց, որ արաբական աշխարհը չի կարող խոչընդոտել Թուրքիայի գործողություններին:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Լ. Շիրինյանի կարծիքով, հրեական պետությունը այս գործընթացներում դեռևս զիջում է Թուրքիային, քանի որ դեռևս չի հստակեցրել իր հարաբերությունները տարածշրջանում մյուս կարևոր խաղացողի՝ Իրանի հետ:

No comments: