Monday, October 31, 2011

Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել Ռագըփ Զարաքոլուի ազատ արձակման համար

Tert.am. 30-10-2011- Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել գրող, հրատարակիչ, իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուի ազատ արձակման համար:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտնի հրատարակչի ազատ արձակման պահանջով ստորագրահավաքն սկսել է Անկարայի «Ազատություն գաղափարին» նախաձեռնությունը:
Զարաքոլուի ազատ արձակման պահանջով հանդես է եկել նաև Ժամանակակից լրագրողների միության նախագահ Ահմեթ Աբաքայը:
Նշենք, որ Զարաքոլուն ձերբակալվել է նախորդ օրը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) դեմ իրականացված գործողության ժամանակ:
Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակում հոկտեմբերի 7-ին Ստամբուլում 90-ից ավելի քուրդ ակտիվիստների հետ ձերբակալվել է նաև Զարաքոլուի որդին` Դենիզ Զարաքոլուն:
Զարաքուլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի մերժողականության դեմ պայքար մղող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:
Ամիսներ առաջ Ռագըփ Զարաքոլուն Երևանում ստացել է «Հակոբ Մեղապարտ» մեդալ:

No comments: