Monday, October 31, 2011

Իրանում կայացավ Իսլամական աշխարհի մամուլի միության անդրանիկ նիստը

News.am. 30-10-2011- Իրանում հոկտեմբերի 29-ին, տեղի ունեցավ Իսլամական աշխարհի մամուլի միության անդրանիկ նիստը: Նորաստեղծ միության բացման արարողությանը ներկա էին 47 երկրի լրատվամիջոցների 143 ներկայացուցիչներ: Ավանդական մահմեդական երկրներից բացի, ներկայացված էին Ռուսաստանը, Կանադան: Միության առաջին նիստը բացեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը միաժամանակ հանդիսանում է Իսլամական աշխարհի մամուլի միության ստեղծման գաղափարակիրն ու ջատագովը: Ըստ միության անդամ, Իսլամի մշակութաբան եւ փորձագետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Ջեննեթ Սերգեյ Մարկոսի, Իրանի նախագահը ողջույնի խոսքում նշել է, որ միությունը ստեղծվել է ոչ թե մահմեդականների շահերի պաշտպանության եւ Իսլամի քարոզչության նպատակով, այլ ողջ աշխարհում, այդ թվում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սոցիալական արդարության պաշտպանության համար: «Occupy the Wall street շարժումը եւ Եվրոպայում տեւեկան գործադուլները ապացուցում են, որ Արեւելքի երկրների քաղաքացիների նման, այդ երկրների քաղաքացիների մեծ մասը եւս տառապում են սոցիալական անարդարությունից եւ բանկերի բռնապետությունից, որն արդեն շարունակվում է մոտ 200 տարի»,-Մարկոսի խոսքով՝ ասել է Ահմադինեժադը:
Ըստ փորձագետի՝ կազմակերպության անդամ լրատվամիջոցները համաշխարհային իրադարձությունները լուսաբանելու է այլ կերպ, փորձելով ներկայացնել այն կարեւոր մանրամասներն ու հանգամանքները, որոնք դուրս են մնում արեւմտյան մամուլի լրահոսից, եւ ներկայացնել այն՝ ելնելով իսլամական սկզբունքերից:
«Ցավոք նախկինում իսլամական երկրների լրատվամիջոցները կենտրոնանում էին ազգային լսարանների վրա, եւ միայն Իրանը վերջին տարիներին հիմնեց այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Al Alam արաբերեն, Press TV անգլերեն հեռուստաընկերությունները: Նախատեսվում է նաեւ Press TV-ի իսպաներեն տարբերակը Լատինական Ամերիկայի երկրների համար: Տեղեկություններ կան, որ կբացվի նաեւ ռուիսերեն եւ չինարեն տարբերակները»,- նշեց Մարկոսը:

Նշենք, որ Իսլամական աշխարհի մամուլի միության անդրանիկ նիստում անդամները հայտարարություն են ընդունել, որում մասնավորապես նշված է, որ «հասունացել է միջազգային լրատվամիջոցների միավորման անհրաժեշտության պահը, որը այլընտրանք է լինելու արեւմտյան, սիոնիստական, իմպերիալիստական մամուլին»:

No comments: