Saturday, October 15, 2011

Ս. Սարումյան. Ադրբեջանական պատը՝ երկու ժողովուրդների հարաբերությունների ամենից դիպուկ խորհրդանիշ

Panorama.am. 15-10-2011- «Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ ադրբեջանցիները, թերևս ոգեշնչվելով իրենց մերձավոր դաշնակիցներից մեկի՝ Իսրայելի օրինակով, որոշել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի պետական սահմանի մի հատվածում կառուցել 2700 մ երկարությամբ և 3 մետր բարձրությամբ քարե պատ՝ խաղաղ բնակչությանը հայ դիպուկահարների կրակոցներից պաշտպանելու պատրվակով:
Իրականում պատը կառուցելու որոշումը թելադրված է քարոզչական շարժառիթներով, գաղտնիք չէ, որ սահմանամերձ գոտում տեղի ունեցող գրեթե բոլոր արտակարգ պատահարները՝ ադրբեջանցի զինծառայողների ցուցաբերած հանցավոր անփութության հետևանքով որևէ քարտեզում չնշված ականադաշտում քաղաքացիական անձանց պայթելը կամ զոհվելը ադրբեջանցի զինվորի անզգույշ կրակոցից, ադրբեջանական պաշտոնյաները վերագրում են հայկական կողմին»,- այս մասին Panorama.am-ին ասաց արցախցի ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանը:

Նրա խոսքերով, ադրբեջանցիների պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ, հայ զինվորը երբեք չի կրակում խաղաղ բնակչի, անզեն մարդու վրա:
«Այդ հենց իրենք՝ ադրբեջանցիներն են ունակ գերեվարել մոլորված հովիվներին, անգամ արտաքուստ խեղճուկրակ երիտասարդին ներկայացնել որպես վտանգավոր դիվերսանտ, իսկ հետո բանտախցում կախել անպաշտպան մարդուն՝ հայտարարելով, թե նա ինքնասպան է եղել: Հիմա, կառուցելով «ադրբեջանական մեծ պարիսպը», նրանք ուզում են աշխարհին համոզել, թե հայերից բխող վտանգն այնքան առարկայական է, որ անհրաժեշտ է կառուցել այդ պատը՝ ալիևյան բռնատիրության ամենաճշմարտացի հուշարձանը՝ այդ բռնապետության պես երկար, միապաղաղ ու տափակ»,- նշեց Սարումյանը:
Նրա պնդմամբ, ադրբեջանական պատը, երկու ժողովուրդների հարաբերությունների ամենից դիպուկ խորհրդանիշն է: Այդ պատը ֆիզիկական կառույց չէ, այն իրականում կառուցվել է շատ վաղուց, այն օրը, երբ Փանահ Ալի անունով ավազակը հայտնվեց Ղարաբաղում:
«Այդ պատն ավելի է բարձրացել հայահալած դահիճներ Իբրահիմ խան ու Խոսրով բեկ Սուլթանովի օրոք, այն հղկել են Հեյդար Ալիևն ու Աբուլֆազ Էլչիբեյը, իսկ ռամիլսաֆարովներն ու մյուս անանուն հայասպանները դրել են իրենց բաժին քարը այդ պատի վրա»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա՝ այդ անհաղթահարելի պատնեշը` հոգևոր սահմանն անցնում է մեր նստակյաց, արարող քաղաքակրթության ու քոչվորների ավերող, եթե կարելի է այսպես ասել, հակաքաղաքակրթության միջև:
«Այնինչ ԼՂՀ պետական սահմանը հսկող հայ զինվորի համար ադրբեջանական պատը արգելք չէ. հակառակորդի ցանկացած սադրանքի դեպքում հայ զինվորը պատրաստ է լինելու իր խնդիրը կատարել երկրի ղեկավարության, ժողովրդի մատնանշած ցանկացած բնագծում»,- հավելեց նա:

No comments: