Saturday, October 15, 2011

Թուրքական բանակը Իրաք կմտնի իր համար անբարենպաստ պայմաններում. թուրքագետ

News.am. 15-10-2011- Թուրքիան այս անգամ շատ հանգիստ չի մտնի Հյուսիսային Իրաքի տարածք՝ ռազմական գործողություններ իրականացնելու PKK-ի ճամբարների դեմ, քանի որ ներկայումս աշխարհաքաղաքական իրավիճակը Թուրքիայի համար բարենպաստ չէ, ինչպես 2007-2008 թվականներին։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանը հավանական համարեց թուրքական զինուժերի ներխուժումը Իրաքի տարածք՝ ընդծելով, որ այն չի ընդգրկի մեծ մասշտաբներ։ «Իրաքի հետ սահմանում Թուրքիան զինուժ է կուտակում։ Թուրքիայի նախագահն էլ իր հերթին այցելեց Իրաքի հետ սահման՝ բարձրացնելու զինվորների ոգին։ Սակայն Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում հնարավոր ռազմական գործողությունները կլինեն կարճաժամկետ եւ ուղղված կլինեն կոնկրետ թիրախների»,- նշեց թուրքագետը՝ շեշտելով, որ ռազմական գործողությունները չեն ենթադրում բախում Իրաքի Քուրդիստանի ինքնավար հանրապետության զինուժերի հետ։
Ըստ թուրագետի, Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելն այս պահին Թուրքիայի օրակարգում չէ։ «Թուրքիան այս պահին կարծես դադարեցրել է Սիրիայի դեմ սպառնալիքներն ու լծվել PKK-ի դեմ պայքարին։ Թուրքիայի համար դժվար կլինի միանգամից 2 ճակատ բացել»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Էրդողանը քրդական հարցում խիստ քաղաքականություն է սկսել։
«Էրդողանի՝ քրդերի դեմ ուղղված կոշտ քաղաքականությունը բերեց նրան, որ PKK-ի եւ թուրքական զինված ուժերի միջեւ բախումները նոր թափ առան։ Թուրքիայի արեւելյան նահանգներում կարծես ռազմական դրություն լինի։ Այդ նահանգներ այցելած օտարերկրացիները նշում են, որ տպավորություն է, թե ճանապարհներին դիրքավորված թուրք զինվորականներն ամեն պահ թշնամու հարձակման են սպասում»,- շեշտեց Անդրանիկ Իսպիրյանը։

No comments: