Tuesday, October 4, 2011

Էրդողանը որոշել է օժանդակել ադրբեջանական ընդդիմությանը

News.am. 4-10-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ընդդիմությանը, հայտնում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով իր տեղեկատվական աղբյուրները:
«Թուրքական իշխանությունները խոստացել են օժանդակել ադրբեջանական ընդդիմադիր ուժերին: Նման խոստումներ նրանք չեն տվել ոչ 2003, ոչ էլ 2005 թվականի ընտրությունների ժամանակ»,-ասել է աղբյուրը եւ հավելել, որ ընդդիմության հանդեպ դիրքորոշման փոփոխությունը մեծապես պայմանավորված է տարածաշրջանային վերջին իրադարձություններով: Այդ հարցում որոշակի դեր են խաղացել թուրք-իսրայելական լարված հարաբերությունները, սակայն առաջնայինը Վաշինգթոնի դիրքորոշումն է:
«Ինչպես երեւում է, Թուրքիան չի կարողանում ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնել: Ինչո՞ւ Սիրիայի հարցում Էրդողանը փոխեց իր դիրքորոշումը: Սկզբում նա օժանդակություն էր ցույց տալիս Բաշար Ասադին, սակայն այնուհետեւ սկսեց հանդես գալ նրա դեմ: Ադրբեջանի հարցում էլ նույնն է: Այսօր էլ Վաշինգթոնի եւ Անկարայի հետաքրքրությունները մի շարք հարցերում համընկնում են: Այդ առումով, անսպասելի չէ, որ վերջին շրջանում ադրբեջանական ընդդիմության հանդեպ լուրջ աշխուժություն է դրսեւորում»,-գրում է «Պոլիգոնը»:
Խոսելով թուրքական իշխանությունների օժանդակության հնարավոր հետեւանքների մասին` աղբյուրը նշում է, որ այն շատ բան կարող է փոխել ընդդիմության համար` ուժեղացնելով նրա դիրքերը:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Թուրքիայի երկու առաջատար ընդդիմադիր կուսակցությունները` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը եւ «Ազգայնական շարժումը» որոշում էին ընդունել օգնություն ցուցաբերել Ադրբեջանի ընդդիմադիր ճամբարի քաղաքական ուժերին: «Ժողովրդա-հանրապետականը» նման որոշում է ընդունել Թուրքիայում անցկացված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: «Ազգայնական շարժումն» ի սկզբանե համարվում էր ադրբեջանական ընդդիմությանն օժանդակող Թուրքիայի հավանական քաղաքական ուժերից մեկը. «Թուրք ազգայնականները, հիասթափվելով Ադրբեջանի իշխանություններից, Թուրքիայի վերջին ընտրություններից հետո մտադիր են օգտագործել Ադրբեջանի ընդդիմության հնարավորությունները` Բաքվից վրեժ լուծելու համար»:

No comments: