Tuesday, October 4, 2011

Թուրքիայի փոխվարչապետը երգել է հայերի հետ

Bnaban.am. 3-10-2011- Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչն իր կնոջ՝ Մյունևվեր Արընչի հետ միասին երգել է Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախմբում։ Այս մասին գրում է«Հաբերթուրք» պարբերականը։ Մանիսայի Anemon հյուրանոցում կազմակերպված համերգին երգչախմբի հետ միասին Արընչն ու նրա կինը կատարել են« Թուրք եմ երգը։ 1.5 ժամ տևած համերգի ընթացքում հնչել են հայերեն, թուրքերն, եբրայերեն, արաբերեն երգեր։ Համերգի ավարտին Բյուլենթ Արընչը խոսել է շաբաթներ առաջ իշխանությունների՝ ազգային փոքրամասնություններին նրանց ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ կայացրած որոշման մասին։
"Ինչպես բռնագրավել ենք այդ ունեցվածքները, այնպես էլ դրանք վերադարձնելու ենք համայնքներին։ Դա Թուրքիայի համար պատվի հարց է,- ասել է Արընչը։
Նշենք, որ 120 հոգուց բաղկացած Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը ձևավորվել է 2007թ. Հաթայի նահանգապետարանի կողմից։ Երգչախմբում ընդգրկված են քրիստոնեության, հուդայիզմի և իսլամի հետևորդներ։ Երգչախմբի կատարողների թվում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր։ Իր հիմնադրման օրվանից ի վեր Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախումբն ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս 80 համերգ է տվել։ Երգչախմբի կատարումները հիմնականում հնչում են հայերեն, թուրքերեն և արաբերեն։ Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը ներկայացվել է 2012թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի։

No comments: