Tuesday, October 4, 2011

ԵԽԽՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ԱԶԳ», 04-10-2011- Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովը երեկ հավաքվեց առանց հայաստանյան պատվիրակության մասնակցության, փակ դռների հետեւում նստեց մի կես ժամ, այդուհետեւ ԵԽԽվ միջանցքում հայտնված Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայտարարեց, թե խոսել են հետո ինչ անելուց: Ընդ որում, ըստ ադրբեջանցի պատվիրակի, Հայաստանը հատուկ հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելով իբր չի կատարում բյուրոյի որոշումը:
Մի երկար ժամանակ էլ քննարկման դահլիճում մնացած ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստան դռնից դուրս եկավ ու արագորեն հեռացավ, կարելի է ասելՙ ճողոպրեց հայ լրագրողներից, պատճառաբանությամբ, թե ինչ-որ տեղ է շտապում: Հասկանալի է նման պահվածքը, երբ ղարաբաղյան խնդրով զբաղվելու հավակնություն ունեցող հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, որի` «հակամարտությունների լուծման» գիտակցությունը սահմանափակվում է «իսրայելա-պաղեստինյան»-ին մասնակցությամբ` «ընտրություններում դիտորդ լինելու» առումով:
Ադրբեջանցի Սեիդովի հետ ԵԽԽՎ բյուրոյի ոչ արդյունավետ լինելու հարցում համաձայնեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հայ լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ եթե Սեիդովը անարդյունավետ է որակում «բյուրոն Հայաստանի վրա չճնշելու» հարցում, ապա, ըստ Հարությունյանի, բյուրոն արյդունավետ քայլ չի կատարել վերակենդանացնելով այս հանձնաժողովը:
Թե ինչու հանձնաժողովի նախագահը չի ներկայացնում իր ղեկավարած հանձնաժողովի «աշխատանքը»` Դավիթ Հարությունյանը այլ տարօրինակ բաներ նշեց: Ըստ այդմ, հատուկ հանձնաժողովի նիստերը անցկացվում են դռնփակ, չնայած պարզ չէ, թե ինչ է դրա հիմքում: «Չկա որեւէ որոշում, փաստաթուղթ, որ այդ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն դռնփակ: Նրանք մերժեցին մեր քարտուղարի ներկայությունը հանձնաժողովի նիստին, ինչը շատ տարօրինակ է: Այդ առնչությամբ դեռեւս քարտուղարությունից մեկնաբանություններ կխնդրենք»:
Հայաստանյան պատվիրակության ներսում անհամաձայնություն կա հատուկ հանձնաժողովի առնչությամբ հայտարարված մորատորիումի առումով: Մասնավորապես, պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ այդպիսի մարտավարությունը երկարաժամկետ առումով կարող է թույլատրելի դարձնել հակահայկական մթնոլորտի ձեւավորումը, ինչին ամեն հարցի դեպքում ձգտում են ադրբեջանցիները: Դավիթ Հարությունյանը նշեց, որ թեեւ պատվիրակության կազմում կան տարբեր կարծիքներ, բայց հանգել են մեկ միասնական որոշման: Այդուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մորատորիումի հետագա պահպանման հարցը նստաշրջանից հետո քննարկել իր կուսակցության ղեկավարի հետ:
Հակիրճ անդրադառնալով հոկտեմբերի 5-ին ԵԽԽվ-ում քննարկվելիք Հայաստանի մասին բանաձեւին եւ դիտարկմանը, թե այդպիսով փակվում է մարտի 1-ի էջը, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ բանաձեւում մարտյան իրադարձություններին շատ անդրադարձեր կան, ուստի էջը փակ լինելու մասին դատողությունը «բանաձեւի սահմանափակ մեկնաբանություն է»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

No comments: