Sunday, October 30, 2011

Թուրքիայում որոշել են հայերի և հույների ցեղասպանություններն իրագործողներից մեկի՝ Թոփալ Օսմանի մասին ֆիլմ նկարահանել

Tert.am. 29-10-2011- Թուրքիայում որոշել են ֆիլմ նկարահանել հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանություններն իրականացրած անձանցից մեկի` կերասունցի (գիրեսունցի) Օսման աղայի մասին, որը պատմությանն առավելապես հայտնի է Թոփալ Օսման անունով: Այս մասին հաղորդում է Akunq.net կայքը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են սույն թվականի նոյեմբերի 4-ից: Ֆիլմի նկարահանման համար 2 միլիոն թուրքական լիրա է հատկացվել։ Դերասանական կազմը բաղկացած է լինելու 30 անձից։
Կայքը ընդգծում է, որ մինչև 1914 թ. մի ավազակախումբ ղեկավարած Օսմանը Հայոց ցեղասպանության նախապատրաստությունների ժամանակ այդ գործում ընդգրկվել է Հատուկ կազմակերպության (Teşkilat-ı Mahsusa) ղեկավարների կողմից: Օսմանն ստանձնել էր Սևծովյան շրջանը հայերից մաքրելու գործը: Բանտերից ազատված մարդասպաններից բաղկացած իր ավազակախմբով նա մասնակցել է Արդվին քաղաքում և դրա շրջակայքում գործադրվող «տեղահանությանը» և սպանել բազմաթիվ հայերի:

1919 թ. Հայոց ցեղասպանության առնչությամբ Ստամբուլի ռազմական ատյանի կողմից հետաքննության մեջ գտնվող Թոփալ Օսմանը հանդիպել է Մուստաֆա Քեմալի հետ: Այդ հանդիպումից հետո սուլթան Վահիդեդդինը չեղյալ է հայտարարել Թոփալ Օսմանին ձերբակալելու հրամանը. Օսմանը դարձել է Ազգային իրավունքի պաշտպանության կազմակերպության (Muhafaza-i Hukuk-u Milliye Cemiyeti) Գիրեսուն նահանգի մասնաճյուղի նախագահը: Այս նոր կարգավիճակում հաջողությամբ իրականացրել է Մուստաֆա Քեմալի ընդդիմադիրներին ճնշելու գործը, որից հետո անցել է իր մյուս պարտականությունն իրագործելուն. այն է` զտել Սևծովյան շրջանը հույներից: Թոփալ Օսմանը Պոնտոսի հույներին կոտորել է այնպիսի աներևակայելի չարչարանքներով և խոշտանգումներով, ինչպիսիք են, մարդկանց ողջ-ողջ թաղելն իրենց իսկ փորած գերեզմաններում, նրանց հրկիզելը շոգենավերի կաթսաներում կամ մաշկազերծ անելը: 1916-1923 թթ. Պոնտոսում առնվազն 60 հազար հույն է սպանվել։

No comments: