Monday, October 3, 2011

Հայաստանում սկսվում է նոր քաղաքական փուլ. Սերգեյ Մինասյան

1in.am. 3-10-2011- «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր հյուրընկալվել էր «Հենարան» ակումբում, որտեղ խոսեց արտաքին քաղաքական հնարավոր զարգացումների մասին:
Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ Վարշավայում օրերս ընդունված հռչակագիրը Հայաստանի հետ ԵՄ-ի կողմից որոշակի հարաբերությունների նոր մակարդակ, որոշ նոր ֆինանսական աջակցություն, վիզային ռեժիմի հետ կապված՝ նոր քաղաքականություն է ենթադրում և, իհարկե, շեշտադրվում են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հեռանկարները` գործող ձևաչափերի, այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը՝ քաղաքագետը նկատեց, որ համանախագահները շեշտադրել են ռազմական ուժի չկիրառումը, թեև նկատեց, որ ադրբեջանական կողմից փոքր-ինչ նվազել են ռազմատենչ հայտարարությունները: Լարվածությունը կոնֆլիկտի գոտում բավական կնվազի, կարծում է Սերգեյ Մինասյանը:
Հնարավո՞ր է, որ ՌԴ-ին կարգավորման գործընթացում փոխարինի Ֆրանսիան, հարցրեցին լրագրողները: Քաղաքագետը կարծում է, որ տեսականորեն հնարավոր է, սակայն Ֆրանսիան կարող է դեր ունենալ միայն գործընթացի կարգավորման շարունակմանը աջակցելու հարցում:
Անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական իրադարձություններին և Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին՝ բավախոսը նկատեց, որ Քոչարյանը նույն հարցազրույցում կտրուկ է գնահատել ՌԴ-ի իրադարձությունները հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների հետ կապելու միտումները:
«Հայաստանում սկսվում է նոր քաղաքական փուլ, նոր նախընտրական պայքար, և կապ չունի, թե հերթական, թե արտահերթ ընտրություններին են պատրաստվում քաղաքական ուժերը»,- նկատեց քաղաքագետը՝ նշելով, որ չի կանխատեսում Մարտի 1-ի կրկնություն, թեև ավելացրեց, որ քաղաքականության մեջ ընդունված է ասել ` «երբեք մի ասա երբեք»:
Քաղաքագետը Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքական լուրջ հիմքեր չի տեսնում: Իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձին և նրա նշանակմանը վարչապետի պաշտոնում, ՄԻնասյանը նշեց, որ ներկայումս Քոչարյանը չունի կուսակցություն, և ինքը չի կարծում, թե ՀՀԿ-ն կուզենար այս պահին Ռ. Քոչարյանին տեսնել վարչապետի պաշտոնում:

No comments: