Monday, October 3, 2011

Ռուսաստանցի փորձագետ. Թուրքիայի պահանջները չեն անդրադառնա Բաքվի եւ Թել Ավիվի հարաբերությունների վրա

News.am. 2-10-2011- Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի` Իսրայելի հետ հարաբերությունների վերանայման պահանջը Բաքվի եւ Թել Ավիվի հարաբերություններում ոչ մի իրական ազդեցություն չի կարող ունենալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը:
Քաղաքագետի խոսքով` Թուրքիայի պահանջը ոչ ավելին է, քան Ադրբեջանի կողմից էներգառեսուրսներ Թուրքիա առաքելու հետ կապված խաղի տարր: «Այս հայտարարությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ակտիվացման շարքից է: Վաղ թե ուշ հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն, սական տվյալ պահին դրանց ակտիվացումը եւ նման հայտարարությունները հենց այնպես չեն համընկել: Այս ամենը Ադրբեջանի վրա ճնշման միջոց է, որպեսզի պաշտոնական Բաքուն ավելի համաձայնվող լինի»,-նշեց քաղաքագետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման փուլում եղբայրական Ադրբեջանը պետք է վերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ:
«Մենք միշտ պատմության ընթացքում եղել ենք Ադրբեջանի կողքին: Ադրբեջանի պատճառով արդեն 18 տարի փակ են մեր սահմանները Հայաստանի հետ: Նման դեպքում եղբայրական երկրի խնդիրը պետք է լինի նաեւ Ադրբեջանի խնդիրը: Մեզ հայտնի է ադրբեջանական նավթը Ջեյհանով Իսրայել առաքելու փաստը: Ադրբեջանական կառավարությունը հրաշալի գիտի, թե ինչ է պետք անել: Մենք վստահում ենք Ադրբեջանին»,- ասել է դեսպանը:

No comments: