Saturday, October 1, 2011

Թուրքիան զբաղվում է PR-ով եւ «թոզ է փչում» միջազգային հանրության աչքին. քաղաքագետ

News.am. 30-9-2011- Թուրքիան պետք է դադարի զբաղվել իմիտացիաներով եւ սկսի լրջորեն զբաղվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Այդ մասին սեպտեմբերի 30-ի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» քաղաքագիտական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, մինչ օրս Թուրքիան զբաղվել է շոուի կազմակերպմամբ, որտեղ շատերը փորձում էին լուսավոր կետերի տեսնել, որոնք չեն եղել: «Հարաբերությունների կարգավորման ռեալ ցանկություն կլիներ սահմանի բացումը, օրինակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ այլն»,-կարծում է Բեքարյանը:
Քաղաքագետի կարծիքով, նման գործողությունների բացակայությունը արտահայտում է Հայաստանի հանդեպ Թուրքիայի բացասական տրամադրվածությունը:
«Այսօրվա դրությամբ, ոչինչ չի փոխվել, քայլ կատարելու Թուրքիայի հերթն է: Թուրքիան ինքը խորհրդարանի օրակարգից հանեց հայ-թուրքական արձանագրությունները, այնուհետեւ վերադարձրեց: Իրականում կարեւոր չէ, արդյոք պատճառները տեխնիկական էին, ինչպես պնդում է Թուրքիան, թե ունեին քաղաքական ենթատեքստ: Դա իրականում ոչինչ չի փոխում: Այդ ամենը հիշեցրեց Սուրբ Խաչ եկեղեցու պատմությունը. վերանորոգեցին, ժամերգություն անցկացրին, մեծ աղմուկ բարձրացրին խաչի կապակցությամբ, եւ խաչը տեղադրեցին մի քանի օր անց: Դա PR է, ոչինչ ավելին: Փոխարենը բոլոր լրատվամիջոցները միայն դրա մասին էին գրում: Իրականում թուրքական կողմը մինչ օրս ոչ մի ռեալ գործողության չի դիմել»,-շեշտել է Կարեն Բեքարյանը` հավելելով, որ PR-ի նպատակը միջազգային հանրության աչքին «թոզ փչելն է»:

No comments: