Monday, November 7, 2011

Թուրքիայում կառուցվելիք նոր գազատարի թողունակությունը կազմելու է նվազագույնը 16 միլիարդ խորանարդ մետր

1in.am. 7-11-2011- Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ «Շահ Դենիզ 2» գազային նախագծի շրջանակներում Թուրքիայի տարածքում կառուցվելիք նոր գազատարի արտահանման թողունակությունը կազմելու է նվազագույնը 16 միլիարդ խորանարդ մետր։ Այս մասին հայտարարել է ներդրումների գծով վարչության պետ Վագիֆ Ալիևը։
Վերջինիս խոսքերով՝ գազի առաքման ծավալի մեծացման համար ներկայումս դիտարկվում է երկու տարբերակ. դրանցից մեկն առնչվում է նոր խողովակաշարի կառուցմանը, իսկ մյուսը՝ հին խողովակաշարի ընդլայնմանը։
Ալիևն ընդգծել է, որ նոր խողովակաշարի թողունակությունը կազմելու է նվազագույնը 16 միլիարդ խորանարդ մետր՝ ընդգծելով, որ նոր խողովակաշարը չի հակասի դեպի Եվրոպա ադրբեջանական գազի փոխադրման այլ նախագծերին։
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում (մեկնարկը 2017 թվականին) ստացված գազից տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր պետք է վաճառվի Թուրքիային, իսկ 10 միլիարդ խորանարդ մետր էլ թուրքական տարածքով պետք է տարանցվի դեպի Եվրոպա։

No comments: