Monday, November 7, 2011

ԱՄՆ ընտրում է Մոսկվայի ու Անկարայի միջեւ

ԱՄՆ-ն արդեն վաղուց փորձեր է ձեռնարկում Մերձավոր Արեւելքի ու Եվրասիայի ընդարձակ տարածաշրջաններում որպես ռազմավարական գործընկեր Թուրքիային այլընտրանք գտնելու համար: Վաշինգտոնի մի քանի փորձագետների, ինչպես նաեւ Եվրոպայում աշխատող ամերիկյան փորձագետների գնահատականներով, թերեւս, այդ փնտրտուքն այնքան էլ հետեւողական չի տարվել, եւ բացի այդ, տվյալ փնտրտուքը նոր խնդիրների է բախվել միջոցների խնայման, այդ թվում պաշտպանական, անհրաժեշտության պատճառով:
Իհարկե, ամերիկյան զինվորականներին լիովին կգոհացներ տարածաշրջանում, նախեւառաջ Թուրքիայում, բազաների ներկայիս տեղակայումները, սակայն քաղաքական «աստառը» ընդհանրապես չի նպաստում նախկին ձեւաչափով Անկարայի հետ համագործակցությունը շարունակելուն: Ամերիկացիները ջանքեր են գործադրում իրենց ռազմական քաղաքականության հենակետերը 5 ուղղություններով տեղակայելու համար. Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի պետությունների հետ դաշինքն առավել հստակորեն է ձեւավորվում, նոր աշխարհաքաղաքական հեռանկար է ձեւավորվում` Սեւ ծով-Կովկաս-Կենտրոնական Ասիա, ուժեղանում է Հարավային Ասիայում գլխավոր գործընկերը` Հնդկաստանը, ակտիվանում են Հեռավոր Արեւելքում ԱՄՆ ավանդական գործընկերները: Այդ բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Չինաստանին զսպելուն, հարակից խնդիրներ էլ են պարունակում: Սակայն, այն ամենը, ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին, ԱՄՆ համար նույնքան նշանկություն ունի, ինչ Չինաստանի հետ կապված խնդիրը:
Սակայն Թուրքիան այլեւս չի կարող (թերեւս երբեք) լինել ԱՄՆ գործընկեր այս տարածաշրջանում, եւ Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ բոլոր հնարավոր կապերը առճակատման փոխադարձ զսպման նպատակ ունեն, եւ ոչ ավելին: Վերջերս Ֆրանսիայում պարգեւատրման ժամանակ Զբիգնեւ Բժեզինսկին թույլ է տվել իրեն վերադառնալ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի դերին (հետաքրքիր է, արդյոք նկատի ուներ նաեւ Կովկասը) որպես ոմն խաղացողի: Դա, անկասկած, մաքուր բլեֆ է եւ նպատակ ունի հերթական անգամ վախեցնել Ռուսաստանին, Չինաստանին, հնարավոր է նաեւ Իրանին:
Իհարկե, ԱՄՆ-ն ինչպես 90-ականներին, Թուրքիային ոչ մի աջակցություն ցույց չի տա Կենտրոնական Ասիայում: Մյուս կողմից, ԱՄՆ-ն կցանկանար Թուրքիային շեղել Մերձավոր Արեւելքից, եւ հազիվ թե Անկարան համաձայնվի նման անորոշ հեռանկարին: Սակայն, այսպես թե այնպես, ԱՄՆ-ն այդպես էլ այլընտրանք չի գտել Թուրքիային տվյալ տարածաշրջաններում, քանի որ Մերձավոր Արեւելքում այդ այլընտրանքը կարող է դառնալ Իրանը, իսկ Եվրասիայում` Ռուսաստանը:
Վաշինգտոնում հսկայական աշխատանք է տարվել հնարավոր փորձերը ճեղքելու համար, թեկուզ մասնակիորեն, կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, չնայած այն բանին, որ ԱՄՆ ու Իրանի շահերն ավելի մեծ չափով են համընկնում, քան ԱՄՆ ու Թուրքիայինը, կամ էլ ցանկացած արաբական պետության: Սակայն, Ռուսաստանի հետ հարաբերություններում առավել հուսալի հեռանկարներ կան, քանի որ ամերիկացիներն ավելի ու ավելի շահագրգռված են բազմաթիվ ուղղություններով Ռուսաստանի հետ համագործակցությամբ: ԱՄՆ-ն շահագրգռված է ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ համագործակցությամբ ու ռուսական կոմունիկացիների օգտագործմամբ Կենտրոնական Ասիայում սեփական ռեսուրսները խնայելու նպատակով:
Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն արդեն սկսել է այդ հնարավորությունների ուսումնասիրությունը, եւ ամենայն հավանականությամբ, Մոսկվան որոշակի առաջարկներ կընդունի, եթե դրանք ընդունելի լինեն: Պետք է ենթադրել, որ դա ԱՄՆ-ում Մոսկվայի նոր դեսպան Մայքալ ՄակՖոլի գլխավոր առաջադրանքն է, որ Ռուսաստանի ու Եվրասիայում հարցերով փայլուն մասնագետ է: Հնարավոր է, Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքականությունը միմյանցից առաջ անցնելու ճանապարհով է գնում Արեւմուտքի հետ համագործակցության մի շարք հարցերում:
Թուրքիան վերադասավորվում է անհավանական արագ տեմպերով, ազդանշան տալով ԱՄՆ-ին, որ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել եւ ամեն ինչ կարող է լինել նախկինի պես խաղի ընդունված կանոններով: Իհարկե, ԱՄՆ-ն օգտվում է Անկարայի այդ «հրավերներից», սակայն, դրանով հանդերձ, գլխավոր խնդիրն ամենեւին չի վերացել, այն է` Թուրքիայի ձգտումը` աշխարհում իր նոր տեղն ու դերն ամրապնդել, որը լիովին անընդունելի է ԱՄՆ ու նրա գործընկերների համար Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում:
Բացի այդ, մոսկովյան քաղաքական գործիչները, որոնք գործում են որպես փարոսներ եւ պատրաստ են ընդառաջ գնալ ցանկացած բարեհոգի առաջարկի նույնիսկ ոչ շատ մեծ պետությունների կողմից, ծայրաստիճան զգուշանում են ԱՄՆ հետ ցանկացած համագործակցությունից, որը հնարավորություն է տալիս Թուրքիային շարունակել իր խաղերն ամերիկացիների հետ:
Իգոր Մուրադյան

No comments: