Tuesday, November 22, 2011

3 անձի մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանություն կատարելու, ևս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու համար

Tert.am. 21-11-2011- ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, ևս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության կայքից, մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ թվով 3 քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթևոսյանը և Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
Բացի այդ, պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը և Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել և տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 299-րդ հոդվածի 1-ին մասով:
Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին և Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
2011թ. նոյեմբերի 15-ին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

No comments: