Wednesday, November 9, 2011

Սերժ Սարգսյանը սրում է ինտրիգը

«Լրագիր» 9-11-2011- Ելույթ ունենալով արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարի բացմանը, Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ հայտարարություն է արել: «Մենք պարտավոր ենք համընթաց քայլել ժամանակակից աշխարհի պահանջներին, պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները», հայտարարել է Սարգսյանը: Նրա խոսքով, հարաբերական առավելությունները պետք է փնտրել ոչ միայն բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտում, այլև պետք է կարողանալ ճիշտ գնահատել բնությունից տրված առավելությունները։
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մասնագիտական խումբ է աշխատում մի մեծ ծրագրի նախանշման գործում: «Առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն ստեղծել աշխատատեղեր, այլև բերել կայունություն մեր երկրին», հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Սա ուշագրավ հայտարարություն է, ինչ որ տեղ նույնիսկ ինտրիգային: Ինչ ծրագիր է մշակվում, որը ոչ միայն աշխատատեղեր է ստեղծելու, այլ նաեւ կայունություն է բերելու երկրին: Ընդ որում, այստեղ հետաքրքրական է ոչ միայն այն, թե ինչ ծրագրի մասին է խոսքը, այլ նաեւ այն, թե ինչ առումով է Սերժ Սարգսյանը ներկայում Հայաստանը համարում անկայուն, եթե խոսում է նոր ծրագրի «կայունահեն» լինելու մասին:
Ինչն է Հայաստանում ներկայում անկայուն, որ կայունանալու է նոր ու մասշտաբային այդ ծրագով: Միթե իշխանությունը չի հայտարարում, որ Հայաստանը կայուն եւ կանխատեսելի երկիր է: Իհարկե, կայունությունը երբեք շատ չի լինում, հատկապես ներկայիս ցնցվող աշխարհում, բայց թերեւս լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե հայտարարեր, թե ինչ անկայունության մասին է խոսքը:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը մեծ ծրագրի մասին խոսում է «մեր տեսակին առավել հարազարտ արժեքները վեր հանելու» համատեքստում: Որն է մեր տեսակը, ինչ տեսակ նկատի ունի Սերժ Սարգսյանը: Նա վերջերս կարծես թե սկսել է հաճախ խոսել տեսակի մասին: Օրինակ, Վովա Գասպարյանին նշանակում է ոստիկանապետ ու հայտարարում, որ ոստիկանությանը հենց այդ տեսակի մարդ է պետք:
Իսկ ինչ տեսակ է պետք վեր հանել: Որն է այդ «մեր» տեսակը: Գուցե Սերժ Սարգսյանը, կամ նրա ցուցումով որեւէ մեկը հրապարակայնորեն ներկայացնի, թե որն է այդ «մեր» տեսակը: Դա քաղաքացո՞ւ տեսակն է, ազգային-ազատագրական ռոմանտիզմով տարված հայի՞ տեսակը, թե իշխանություն-բիզնես գործարքի եկած տեսակը, որ այդ կոռուպցիոն սերտաճման միջոցով Հայաստանում ապահովում է իշխանության վերարտադրության անխափանությունը:
Այստեղ էլ, Սերժ Սարգսյանին թերեւս հարկ է առավել կոնկրետ խոսել հասարակության հետ, եթե իհարկե նրա խոսքը նաեւ հասարակությանն է ուղղված, ոչ թե միայն գործարարներին: Եթե խոսքն ուղղված է միայն գործարարներին, ապա թերեւս պետք է սպասել, որ շատ շուտով նաեւ կհայտարարվի, որ ով չի միանա այդ «մեծ ծրագրին», կհայտնվի «կոտրած տաշտակի առաջ»:
Միգուցե հենց դա նկատի ուներ Սերժ Սարգսյանը, խոսելով նոր մշակվող գլոբալ ծրագրի կայունացնող էֆեկտի մասին:
Ստացվել է այնպես, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների անգամ ամենալավ մղումներով հնչող ելույթները, իրականում սկսել են իրենց մեջ բավական սուր վտանգներ պարունակել: Հայաստանում կարծես թե նկատվում է միտում, երբ մշակվում են քաղաքական, տնտեսական նախագծեր, որպեսզի դրանցով շանտաժի ենթարկվի հասարակությունը՝ «ով մեզ հետ չէ, դեմ է կայունությանն ու զարգացմանը, ու հետեւաբար մենք բարոյական իրավունք ունենք նրանց դնելու կոտրած տաշտակի առաջ»:
Համենայն դեպս, քանի դեռ չեն տրվել ձւակերպումների առավել հստակ, առարկայական բացատրություններ, վտանգներն ավելի իրական են թվում, քան զարգացման հեռանկարները:
Հավանական է, որ առաջիկայում իշխանությունը մշակույթի ոլորտին կներկայացնի մշակութային «մեծ ծրագիր», հետո մարզական «մեծ ծրագիր», հետո բանվորագյուղացիական «մեծ ծրագիր», իսկ դրանց հրամանատարությունը չընդունողները կհամարվեն կեղծ, բարոյական եւ իրավական օրենքից դուրս, ու ի տարբերություն հայտնի օլիգարխի կեղծ արտադրանքներից, այդ կեղծիքի դեմ իշխանությունը շատ ավելի արդյունավետ կսկսի պայքարել, կեղծերին կգամի անարգանքի սյունին, կհչռակի «անհայրենիք»:
Ակնհայտ է, որ Հայաստանն ունի «մեծ ծրագրերի», իսկապես համախմբող պոտենցիալ պարունակող ծրագրերի անհրաժեշտություն, որոնք կարող են հանդիսանալ յուրօրինակ «հայկական երազանք», իհարկե պայմանական իմաստով: Կամ, ավելի շուտ թերեւս «հայաստանյան երազանքի» մասին պետք է լինի խոսքը: Բայց, այդ անհրաժեշտությունը կարող է աշխատել միայն պարզ մարդկային «երազանքների» ապահովման դեպքում՝ ստեղծագործական ազատություն, օրենքի առաջ հավասարություն, որից հետո նոր միայն կարող է հնարավոր լինել քաղաքացիական «եղբայրությունը»:
Հետեւաբար, անհրաժեշտ է, որ արժեքների մասին խոսելիս, իշխանությունը մշտապես շեշտի առանցքային, հիմնարար արժեքները՝ ազատություն, իրավունք, սահմանադրականություն: Մնացյալ «մեծ ծրագրերը», թե հայեցակարգային, թե փիլիսոփայական իմաստով պետք է կառուցվեն այդ արժեքների հիման վրա, որպեսզի լավ եւ հեռանկարային թվացող գաղափարները չենթարկվեն հրեշավոր գործիքի վերածելու իշխանական գայթակղության:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


No comments: