Tuesday, November 22, 2011

«ԱՄՆ-Ը ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼ»

«ԱԶԳ», 22-11-2011- Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմը ԱՄՆ-ին եւ Թուրքիային մեղադրել է իր երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձերի մեջ: Նրա խոսքերովՙ Սիրիայի իրադրության սրմանը վերաբերող պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Մամլո ասուլիսում Վալիդ Մուալիմը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը վկայում են, որ «նրանք Սիրիայում քաղաքացիական պատերազմ են ուզում»:
Մուալիմը «ստահոդ» է անվանել այն հաղորդումները, թե սիրիացի ընդդիմադիրները Դամասկոսում նռնականետներից գնդակոծել են կառավարող Բաաս կուսակցության գրասենյակները: Նա արաբական որոշ երկրների մեղադրել է Սիրիայի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանը ներկայացնելու դիտավորության մեջ: Ավելի վաղ Արաբական լիգայի դիմումը հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել էր բանաձեւ, որը ՆԱՏՕ-ին թույլատրել էր ռազմական գործողություն սկսել Լիբիայի դեմ, հիշեցնում է Ֆրանսպրեսը:
Մուալիմը միաժամանակ նշել է, որ ինքը մտադիր է շարունակել խորհրդակցությունները Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբի ալ Արաբիի հետ, սակայն լիգայի հաշտարար նախաձեռնությունը դրա ներկայիս տեսքով համարում է չհավասարակշռված:

No comments: