Tuesday, November 22, 2011

Ժիրայր Սեֆիլյան. Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց Վահագնը կլինի ազատության մեջ

Panorama.am. 21-11-2011- «Կարող եմ ասել, որ միանշանակ է, որ Վրաստանում խախտվել են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Միանշանակ է, որ Վրաստանի Հանրապետության իշխանությունները Վահագն Չախալյանին կալանավորել են ու այս պահի դրությամբ պահում են անազատության մեջ, քանի որ ցուցաբերում են խտրական մոտեցում իր հասարակական հայամետ հայացքների համար»,- անդրադառնալով ջավախքահայության խնդիրներին ու Վահագն Չախալյանի ձերբակալությանը` Հայաստանի Երաժշտական Ընկերության դահլիճում «Արաքս-Կուր» հիմնադրամի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած հավաք-քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը կարևորեց նման միջոցառումների ու Վրաստանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի դերը, ինչպես նաև միջազգաին ատյաններում խնդրի բարձրացումը` նշելով. «Պետք է պահանջենք Հայաստանի իշխանություններից Վահագն Չախալյանի ապօրինի ազատազրկման հարցը բարձրացնել մի այնպիսի մակարդակի, որ ստանա լուծում»:
Իսկ Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում` առաջադրված խնդրում հաջողության հասնելու համար կարևորեց երիտասարդության դերը` ասելով. «Այս հավաքի գլխավոր նպատակներից մեկը հենց այն է, որ օր առաջ ծնվի երիտասարդական մի խումբ, որն ստանձնի այս հարցով ծրագրված գործունեություն: Այդ պարագայում, ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց Վահագնը կլինի ազատության մեջ»:
Ժ. Սեֆիլյանի կոչն արձագանք գտավ ներկաների շրջանում և մի քանի երիտասարդներ հանդես եկան ելույթներով:
Panorama.am-ի հարցին, թե ինչու Սարդարապատ շարժումը չի համագործակցում Ջավախքի խնդիրներով զբաղվող Ջավախք հայրենակցական միության հետ` Ժ. Սեֆիլյանը պատասխանեց. «Եթե հետևեք նրանց` վերջին տաս տարիների գործունեությանը, կտեսնեք, որ նրանք ստեղծվել են Հայաստանի ներսում ընտրությունից ընտրություն օգտագործվելու նպատակով»:
Իսկ Զ. Փոստաջյանը Վ. Չախալյանի առնչությամբ առաջիկա ծրագրերի հետ կապված նշեց, որ որպես «Ժառանգություն» խմբակցությոն պատգամավոր, նամակ է ուղղել Վրաստանի իշխանություններին` Չախալյանին տեսակցության թույլտվություն ստանալու համար:
Պատգամավորը նաև նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մի շարք ծարագրերում համագործակցում է Սարդարապատ շարժման հետ:

No comments: