Tuesday, November 8, 2011

Գերմանացի եւ հայ մտավորականները կոչ են անում Էրդողանին՝ անհապաղ ազատ արձակել Ռագըփ Զարաքոլուին

News.am. 8-11-2011- Գերմանիայի Պոստդամի համալսարանում կազմակերպված «Թուրքիայում 1915-1916 թվականների իրադարձությունները» անունը կրող կոնֆերանսի մասնակիցները քննադատել են թուրքական իշխանությունների կողմից հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի ձերբակալությունը եւ նրա ազատ արձակման համար որոշել են նամակ ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Firat գործակալության փոխանցմամբ՝ գերմանացի հայտի արեւելագետ, Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը առաջինը հայտնած անձանցից մեկի՝ Յոհանես Լեփսուսի թանգարանի կողմից Պոստդամ քաղաքում կազմակերպված կոնֆերանսի մասնակիցների մեջ պետք է լիներ նաեւ Թուրքիայի «Բելգե» հրատարակչատան խմբագիր, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր հրատարակած Ռագըփ Զարաքոլուն, ով օրեր առաջ ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից։
Կոնֆերանսի մասնակիցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ռագըփ Զարաքոլուն մեծ աշխատաքներ է տարել՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու եւ նրա հրատակչության կողմից է տպագրվել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող գերմանացի գրող Ռոլֆ Հոսֆելդը շեշտել է, թե իրենք չէին սպասում, որ Զարաքոլուին կձերբակալեն։
Կոնֆերանսի մասնակիցները, որոնց մեջ էին նաեւ Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, Րաֆֆի Քանթյանը եւ այլոք, որոշում են կայացրել՝ Ռագըփ Զարաքոլուի ազատ արձակման պահանջով Բեռլինում Թուրքիայի դեսպանատան միջոցով նամակ ուղարկել Թուրքիայի վարչապետին։
«Պահանջում ենք բացահայտել, թե ինչո՞ւ է ձերբակալվել Զարաքոլուն։ Մեզ նրա ձերբակալության համար առաջ քաշված վարկածը չի բավարարում։ Զարաքոլուն պետք է անմիջապես եւ առանց պայմանի ազատ արձակվի»,-հայտարարել են կոնֆերանսի մասնակից մտավորականները։

No comments: