Tuesday, November 8, 2011

Մոսկվան ճգնաժա՞մ էր հրահրում

«Լրագիր» 8-11-2011- Սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը հանդես եկավ եվրոպական էներգետիկ նախաձեռնությունների հանդեպ Հայաստանի հավակնության ակնհայտ դրսեւորմամբ, հայտարարելով, թե Եվրոպան տարածաշրջանում պետք է դիվերսիֆիկացնի իր էներգետիկ նախագծերը, որ դրանք չդառնան պատերազմ սնուցող նախագծեր:
Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց թե Արեւելյան գործընկերության Վեհաժողովին՝ Վարշավայում, թե Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ երեւանյան հանդիպման ընթացքում: Իսկ Սարկոզին էլ հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել Հայաստանի նոր ատոմակայանի շինարարության աշխատանքին մասնակցելու հնարավորությունը, ինչպես նաեւ պատրաստ է օգնել Հայաստանին գտնել էներգետիկայի այլընտրանքային ռեսուրսներ:
Ժամանակակից աշխարհում էներգետիկ նախագծերը հանդիսանում են ոչ միայն տնտեսության, այլ նաեւ քաղաքականության շարժիչ ուժ: Հետեւաբար էներգետիկայի մասին այդ կարեւորագույն հայտարարությունները լուրջ քաղաքական հայտարարություններ են, որոնց շարունակությունը Հայաստանի համար էական է դառնում թե տնտեսական, թե քաղաքական իմաստով:
Երբ է լինելու այդ շարունակությունը, եւ լինելու է արդյոք, թե Ֆրանսիայից եւ Լեհաստանից հետո Մոսկվա կատարած այցի ընթացքում Հայաստանի էներգետիկ “այլընտրանքային” հավակնություններն արգելակվեցին: Ինչպես հայտնի է, Հայաստանի էներգետիկ համակարգի գրեթե 90 տոկոսը գտնվում է Մոսկվայի ենթակայության տակ: Ուշագրավ էր նաեւ, որ սեպտեմբերի վերջին ռուսական գործակալությունները տեղեկություն տարածեցին, թե էներգետիկ սեկտորի զարգացման մասին նոր համաձայնագրի համար նոյեմբերին Հայաստան է գալու ՌԴ վարչապետ Պուտինը: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ Պուտինը որոշել է մինչեւ 2012 թվականի նախագահի ընտրությունը դուրս չգալ Ռուսաստանից եւ արտերկրյա այց չկատարել: Այսինքն, Պուտինը Հայաստան չի գա:
Արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը փարատել է Հայաստանի էներգետիկայի հետ կապված իր մտահոգությունները, եւ այդ իսկ պատճառով Պուտինը հարկ չի համարում գալ Հայաստան: Եվ արդյոք դա նշանակում է, որ ասենք Հայաստան չի գա, կամ շատ ուշ կգա Ֆրանսիայի աշխատանքային պատվիրակությունը, որը, ինչպես այդ երկրի նախագահ Սարկոզին էր նշել, կդիտարկի նոր ատոմակայանի շինարարությանը Ֆրանսիայի մասնակցության հեռանկարը:
Ի դեպ, ուշագրավ էր, որ Հայաստանի այսպես ասած նոր էներգետիկ տեսլականի մասին հայտարարությունների համատեքստում, նոր ատոմակայանի շինարարությանը Փարիզի մասնակցության համատեքստում ծագեց Հայաստանի ատոմակայանի աշխատավարձային աղմուկը: Ինչպես հայտնի է, Հայաստանի ատոմակայանի կառավարումն իրականացնում է Ռուսաստանը: Կարո՞ղ էր արդյոք կառավարիչն անմասն լինել այդ աղմուկից, չունենալ դրա հետ որեւէ իրավական կամ այսպես ասած բարոյական առնչություն: Եվ պատահակա՞ն էր արդյոք, որ այդ աղմուկն առաջացավ հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանությունը հանդես եկավ էներգետիկ բավական հավակնոտ հայտարարություններով:
Արդյոք այդպիսով Ռուսաստանը փորձեց զգուշացնել, որ այդ հավակնությունների շարունակության պարագայում Հայաստանն էներգետիկ ավելի լուրջ ճգնաժամերի առաջ կարող է լինել, քան ասենք ատոմակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների աշխատավարձային ճգնաժամը:
Այդ համատեքստում ուշագրավ է նոյեմբերի 8-ին Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան, որն ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղի է ունենում հայկական կողմի հրավերով: Գաղտնիք չէ, որ Իրանը Ռուսաստանից հետո Հայաստանի երկրորդ կարեւոր գործընկերն է էներգետիկ ոլորտում: Իրանը թերեւս շահագրգռված է, որ էներգետիկ ոլորտի գործակցությունը Հայաստանն իրականացնի հնարավորինս զերծ մնալով Ռուսաստանի ներգրավումից: Օրինակ, գազամուղի հարցում դա չստացվեց, եւ Հայաստանը դեռ մինչեւ վերջ չշահագործվող գազամուղը հանձնեց Գազպրոմին:
Բայց, Իրանը թերեւս չի հրաժարվում Հայաստանի հետ էներգետիկ “անկախ” գործակցության հեռանկարից: Ռուսաստանի միջնորդությունն Իրանի համար շահեկան չէ թերեւս այն պատճառով, որ Հայաստանի հետ էներգետիկ գործակցությունն այդ երկրի համար տարածաշրջանային դերակատարման մի սեգմենտ է, մի ուղղություն, վեկտոր: Երբ արանքում հայտնվում է Ռուսաստանը, ապա գործակցությունը դադարում է այդպիսին լիելուց, եւ Ռուսաստանը փաստացի այդ մասով արգելակում է Իրանի տարածաշրջանային դերակատարության ընդլայնման հավակնությունը:
Այդ տեսանկյունից, Իրանը Հայաստանի էներգետիկ տնտեսա-քաղաքական շահի կարեւոր դաշնակից է: Մյուս կողմից, այդ դաշնակիցը խոցելի է իր միջուկային ծրագրով, ինչը Հայաստանին թերեւս զրկում է իրանական գործոնը լիարժեք օգտագործելու հնարավորությունից: Բայց, որոշակի դասավորության դեպքում Իրանը կարող է Հայաստանի համար լինել իսկապես նշանակալի խաղընկեր:
Ավելին, էներգետիկ նոր նշմարվող խաղում Հայաստանի շանսը թերեւս հենց այն է, որ հնարավորինս ընդլայնվի խաղացողների շրջանակը: Այդ դեպքում “իմպրովիզացիայի” հնարավորությունը թերեւս մեծանում է, եւ ճակատային դիմակայություններից խուսափելու, մանեւրելու տարբերակներն են ընդլայնվում, ինչը կարող է Հայաստանի համար բացել հայ-ֆրանսիական էներգետիկ հայտարարությունների գործնականացման տանող նոր ճանապարհներ:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: