Saturday, November 26, 2011

Իրանի հետ չի կարելի խոսել ուժի ու սպառնալիքների լեզվով. ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն պատմական սխալ է որակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցն ու նրա ղեկավար խորհրդի ընդունած վերջին բանաձևը՝ ընդգծելով, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն նպաստել է կողմերի միջև թշնամական կլիմայի ձևավորմանը.
«Իրանի ռազմական ծրագրի պոտենցիալ պարամետրերի վերաբերյալ բանակցություններ սկսելու փոխարեն՝ Ամանոն հրապարակում է այդպիսի քննադատական հայտարարություն։ Ընդհանուր առմամբ, սխալները երկուսն էին։ ԱԷՄԳ-ը պաշտոնապես Թեհրանին չէր զգուշացրել առաջիկա զեկույցի մասին, ինչին հետևեց այդ բանաձևի ընդունումը։
Միջուկային զենք ստեղծելու՝ Իրանին հասցեագրած մեղադրանքներն անհրաժեշտ է ամրագրել ապացույցներով։ Ինչպես կարող է Իրանը պաշտպանվել նրանցից, եթե այդ մեղադրանքները հաստատված չեն, կոնկրետություն չկա։ Էլ-Բարադեյի ժամանակ (1997-2009 թվականներին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն.– 1in.am) ԱՄՆ-ը մշտապես այդպիսի հայտարարություններ էր անում, սակայն գոնե այն ժամանակ Բարադեյն ԱՄՆ-ից պահանջում էր ապացույցներ ներկայացնել այդ կապակցությամբ։
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին (նոյեմբերի 9) զեկույցից առաջ իսրայելցիներն ու ամերիկացիները թմբկահարում էին, թե դրանում լինելու են կարևոր նորությունները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ։ Սակայն փաստաթղթղի հրապարակումից հետո բոլորը տեսան, որ դրանում նմանատիպ արժեքավոր տեղեկություն չկա։

Իրանի միջուկային ծրագրի հարցը, ըստ էության, տեխնիկական է, սակայն ժամանակի ընթացքում, երբ այն հայտնվեց ՄԱԿ ԱԽ-ում, վերածվեց քաղաքական խնդրի։ Իրանի հետ չի կարելի խոսել ուժի ու սպառնալիքների լեզվով։ Բոլորին հայտնի է, որ մենք երբեք չենք հրաժարվում երկխոսության ու փոխզիջումների սկզբունքներից»։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Սոլթանիեն պաշտոնական նամակ էր հղել Յուկիյա Ամանոյին, որում ԱԷՄԳ-ին մեղադրել էր իր հանդեպ ստանձնած պարտավորությունների չիրագործման մեջ, ինչի արդյունքում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ են հայտնվել երկրի ատոմագետ ֆիզիկոսներն ու երկրի միջուկային օբյեկտները.

«Ամանոն դավաճանել է ԱԷՄԳ-ի հետ բանակցություններին մասնակցող և նրա հետ համագործակցող ատոմագետ ֆիզիկոսների ու մասնագետների անվանացանկի չհրապարակման հարցում։ Այդ իրանցիների անունները ներառվել են ԵՄ-ի ու ՄԱԿ ԱԽ-ի «սև» ցուցակներում, և նրանց նկատմամբ սահմանվել են ապօրինի պատժամիջոցներ։ Մյուս կողմից՝ այդ ցանկը հայտնվել է ահաբեկչական խմբավորումների ձեռքում, որոնց աջակցում են ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունները։

Արդյունքում, համայն աշխարհն ականատես դարձավ Իրանի տարածքում իրականացված մի շարք ահաբեկչությունների, որոնց զոհ գնացին իրանցի ազդեցիկ գիտնականներն ու նրանց հարազատները։ Այդ ամենը հաստատում են ձերբակալված ահաբեկիչների խոստովանության մասին պատմող տեսանյութերը։ Հրապարակելով իրանցի մասնագետների անվանացանկը՝ ԱԷՄԳ-ը նրանց վերածել է ահաբեկիչների ու ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների թիրախի»։

No comments: