Saturday, November 26, 2011

Իրանցի ռազմական փորձագետն իր երկրի վրա հարձակման երեք սցենար է կանխատեսում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական կայքում հրապարակվել է իրանցի ռազմական փորձագետ Ամիր Մոհեբիանի վերլուծությունը՝ նվիրված Իրանի նկատմամբ ամերիկա-իսրայելական հարձակման սցենարներին։
Ըստ այդ փաստաթղթի՝ Իրանը դիտարկում է իր դեմ պատերազմի սկսման երեք հնարավոր տարբերակ.
ա) հյուծման համընդգրկուն պատերազմ, որի ընթացքում Իրանին կհասցվեն օդային հարվածներ, ինչպես նաև տեղի կունենա ցամաքային ներխուժում։
բ) սահմանափակ հարվածներ, որոնք ուղղված կլինեն հրամանատարական-վերահսկիչ կենտրոնների ոչնչացմանը՝ ռեժիմի և Իրանում տիրող ընդհանուր իրավիճակի ապակայունացման համար։ Այս տարբերակը ոչ միայն Թեհրանին կարող է հարկադրել բանակցությունների, այլև՝ հանգեցնել ռեժիմի տապալմանը։
գ) առանձին ռազմական թիրախների ոչնչացում, որոնք կարող են վնաս պատճառել ԱՄՆ-ին և մասնավորապես Իսրայելին։
Իրանցի փորձագետի կարծիքով՝ առաջին տարբերակը բավական քիչ հավանական է, քանի որ արևմտյան երկրները չեն տիրապետում բավականաչափ ուժերի ու միջոցների՝ այն իրականացնելու համար։ Բացի այդ՝ ԱՄՆ-ը վախենում է նախընտրական շրջանում և առանց բավականաչափ հետախուզական տվյալների պատերազմ սկսել Իրանի դեմ։
Մոհեբիանի կարծիքով՝ երկրորդ և երրորդ տարբերակներն առավել իրատեսական են, սակայն դրանց իրագործման ճանապարհին առկա են մի շարք խոչընդոտներ։ Իրանը պատրաստ է պաշտպանել իր գլխավոր քաղաքական ու ռազմական կենտրոնները, ներխուժումը կհամախմբի ու կարմատականացնի իրանական ռեժիմը՝ ճանապարհ հարթելով մերձավորարևելյան մեծ պատերազմ սկսելու համար։
Բացի այդ՝ Իրանի միջուկային օբյեկտների ամբողջովին ոչնչացումն անհնար է՝ նրանց չափերի մեծության ու երկրով մեկ ցրվածության պատճառով։ Մոհեբիանն ընդգծել է, որ ներկայումս գործող Բուշեհրի ատոմակայանի ոչնչացումը՝ ընդարձակ տարածաշրջանի կտրվածքով վիթխարի բնապահպանական հետևանքներ կունենա։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին արաբալեզու «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իսրայելում գոյություն չունի այնպիսի վայր, որը գտնվի իրանական հրթիռների հեռահարությունից դուրս.
«Մեր հրթիռները կարող են ծածկել պաղեստինյան ողջ օկուպացված տարածքները։ Հրթիռների քանակն ու դրանց թռիչքների հեռահարությունը սահման չունի։ Եթե Իսրայելն ու նրա դաշնակիցները որոշեն ռազմական գործողություններ սանձազերծել Իրանի դեմ, ապա պատասխան հարվածն այնքան հզոր կլինի, որ տարածաշրջանում ամերիկյան հակահրթիռային վահանը չի կարողանա դիմագրավել դրան։
Իրանի զինվորական հրամանատարությունը մշակել է պատերազմի սկսման դեպքում իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ։ Այդ դեպքում Իրանը մտադիր է ռազմական գործողություններ վարել ոչ միայն սովորական մեթոդներով, այլև՝ հատուկ օպերացիաների օգնությամբ»։

No comments: