Tuesday, November 22, 2011

Ի՞նչ վտանգ էր սպառնում Հայաստանին

«Լրագիր» 21-11-2011- ԱՄՆ նախագահը ընթացիկ տարվա դեկտեմբերին պետք է Սենատի վերհաստատմանը ներկայացնի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Այդ տեղեկությունը հաստատել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Կիտ Բինը:
Դա նշանակում է, որ ԱՄՆ հայկական լոբբին վերստին ձեռնամուխ կլինի Բրայզայի թեկնածությանը խոչընդոտելու գործընթացին, ինչպես մեկ տարի առաջ, երբ Բրայզան պետք է նշանակվեր դեսպան:
Ամերիկահայ կազմակերպությունների զգալի մասը հանդես էր գալիս դրա դեմ եւ պահանջում էր ԱՄՆ իշխանությանը չնշանակել Բրայզային: Բայց, ԱՄՆ կառավարությունը հաշվի չառավ հայերի հորդորները կամ պահանջները եւ Բրայզային նշանակեց դեսպան:
Ներկայում, իրավիճակը մի փոքր այլ է, եւ կա կարծիք, որ այժմ ԱՄՆ վարչակազմը կարող է հաշվի առնել հայկական լոբբիի կարծիքը, քանի որ նախընտրական տարի է եւ վարչակազմը չի ցանկանա հայկական լոբբիի հետ մտնել հակադրության մեջ:
Այստեղ թերեւս գործ ունենք տարածված միֆի հետ: ԱՄՆ նախագահի ընտրությանը հայկական ձայների ազդեցության հանգամանքը կարծես թե մի փոքր չափազանցված է, առասպելականացված:
Մոտ երկու միլիոն հայերը, որոնց մի զգալի մասը կամ չի էլ մտածում ԱՄՆ նախագահի ընտրությանը մասնակցելու մասին, կամ պարզապես չունի դրա հնարավորությունը, չեն կարող էական դեր կատարել մոտ 350 միլիոն բնակչություն ունեցող երկրում:
Առանձին սենատորների կամ կոնգրեսականների ընտրության հարցում այդ դերը կարող է լինել, քանի որ լոկալ տարածքներում նվազում են նաեւ ազդեցության մասշտաբներն ու փոխվում հանգամանքները:
Բայց, դա էլ ոչ բոլոր դեպքերում, եւ նույնիսկ այդ իմաստով պետք չէ բացարձակացնել հայկական լոբբիի ներուժը:
Ընդ որում, այդպես է ոչ միայն հայկական լոբբիի, այլ նաեւ մյուս բոլոր լոբբիների, այդ թվում հրեականի պարագայում: Լոբբիները ակտիվ աշխատում են ԱՄՆ կառավարությունների առօրյա գործունեության ընթացքում, ազդում կարեւոր որոշումների վրա, բայց իշխանության ձեւավորման գործընթացում լոբբիստական ազդեցություններն ԱՄՆ-ում թերեւս այդքան էլ մեծ չեն, վճռորոշ չեն:
Այնպես որ, անկախ նախընտրական տարի լինել-չլինելուց, եթե ԱՄՆ կառավարությանը պետք է Բաքվում Բրայզային տեսնել դեսպան, քանի որ դա է պահանջում երկրի շահը, ապա կնշանակեն հենց Բրայզային:
Ավելին, ԱՄՆ նախագահը փաստորեն որոշել է Սենատին նորից ներկայացնել Բրայզայի թեկնածությունը: Եթե նա հակված լիներ հայկական լոբբիի հետ հակադրությունից խուսափել, ապա Բրայզային վերստին չէր ներկայացնի: Հետեւաբար, Օբաման ուշադրություն չի դարձնելու, թե ինչ կասի կամ կանի հայկական լոբբին:
Իսկ արդյոք հայկական կազմակերպություններն ուշադրություն դարձնելու են այդ հանգամանքին: Արդյոք նրանք այս անգամ կորոշեն ավելորդ էներգիա եւ միջոցներ չվատնել անիմաստ հակադրության վրա: Արդյոք ընդհանրապես դիտարկվել է Բրայզայի գործունեությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, եւ արդյոք հայկական լոբբին ունի իմաստալից պատասխան, թե ասենք ինչու էր մեկ տարի առաջ ամեն գնով հակադրվում Բրայզայի թեկնածությանը:
Նա ինչ է արել Հայաստանի եւ Ղարաբաղի համար վատ, որից փորձում էր մեզ հետ պահել ամերիկահայ լոբբին: Ինչ սարսափելի կամ վտանգավոր բան է տեղի ունեցել Բրայզայի դեսպանության ընթացքում, ինչով են թուլացել մեր դիրքերը եւ ինչով է ուժեղացել Ադրբեջանը:
Հակառակը, թվում է, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի համար չեզոքացվեց ռուսական եռակողմ նախաձեռնություններից եկող վտանգը, եւ չեզոքացվեց զգալիորեն հենց Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ ջանքի շնորհիվ, որը թույլ չտվեց, որ Ռուսաստանը հանգուցալուծելով Ղարաբաղի հարցի գոնե հանգրվանային մի դրվագ, կարողանա ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում:
Համենայն դեպս, Բրայզայի մեկ տարվա գործունեության ընթացքում շատ դժվար է ասել, թե ինչից էր այդքան «վախենում» հայկական լոբբին: Իսկ եթե կան այդպիսի դրվագներ, որոնք գաղտնի են, ապա գուցե արժե, որ ամերիկահայ կազմակերպությունները բացահայտեն դրանք, ցույց տալով իրենց իրավացիությունը:
Կամ պետք է դրանք բացահայտել՝ եթե կան, կամ այս անգամ պետք է «չբացահայտվել» եւ չմիջամտել Բրայզայի թեկնածության հաստատմանը, էներգիան եւ միջոցներն ուղղելով Վաշինգտոնում Հայաստանի համար շատ ավելի կարեւոր նախաձեռնությունների ուղղությամբ աշխատելուն:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: