Panorama.am. 21-11-2011- Նիդերլանդներում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայում իր հանդիպումներից հետո հարցազրույց է տվել հոլանդական հեղինակավոր «De Volkskrant» օրաթերթին: Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ լրագրողի հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել է.«ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը երբեք հարցականի տակ չեն դրվել եւ չեն կարող դրվել: «1915 թ. վերաբերյալ» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ է, քան վտանգավոր ժխտողականության քաղաքականության շարունակություն, ինչի մասին Հայաստանում համապատասխան հստակ հայտարարություն էր արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարարի պնդումներին, թե 2005 թ. ՀՀ նախագահին հասցեագրված Թուրքիայի վարչապետ Էրդողանի նամակին այդպես էլ պատասխան չի տրվել, ապա պետք է նշել, որ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը ուղարկվել և հրապարակվել է 2005թ. ապրիլի 25-ին: Թե՛ միջազգային հանրությունը, եւ թե՛ Թուրքիայում լավատեղյակ են այդ նամակի բովանդակությանը, միգուցե բացառությամբ մի քանիսի, ինչպիսի եզրահանգման կարելի է գալ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունից»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment