Thursday, November 24, 2011

ՖԱՍԻԵԻ ՏԵՂՈՒՄ ՈՉ ԹԵ ԵՄ-Ն, ԱՅԼ ԺԱԿ ՖՈ՞ՐԸ

«ԱԶԳ», 24-11-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հնարավոր փոփոխության մասին քանիցս խոսվել է, անգամ այն տարբերակով, որ այդ դերում կարող է հանդես գալ ոչ թե ուղղակի Ֆրանսիայի, այլ Եվրոմիության ներկայացուցիչ:
Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները անանուն տեղեկություն են տարածել, թե այդ փոփոխությունն արդեն մոտ է, ընդ որում, որոշակիություն այդ տեղեկության մեջ նշվում է նաեւ հաջորդ համանախագահի հնարավոր թեկնածուի առումով: Մասնավորապես, ըստ Ֆրանսիայի դիվանագիտական շրջանակներից ներկայացած անանուն դիվանագետի, Ֆասիեին կարող է փոխարինել ներկայումս Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Ժակ Ֆորը:
Ամեն դեպքում, Ֆասիեն հաստատապես, հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության համաձայն, դեռ կայցելի տարածաշրջան նոյեմբերի վերջին եւ մասնակից կլինի Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը, որի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակում հանդիպումներ ու քննարկումներ տեղի են ունենում ամեն տարի:
Այս տեղեկությանը զուգահեռ, ադրբեջանական 1news.az կայքէջի համաձայն, Եվրոմիությունն էլ մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցողի դերում` չնայած Եվրոխորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինի հայտարարություններին, թե Եվրոխորհրդարանը քննարկել է այդ տարբերակն ու հնարավոր է համարում Էշթոնի ներգրավումը որպես համանախագահի:
Ինչպես մանրամասնել է Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչը, ԵՄ-ն մնում է աջակից այն գործունեությանը, որ ուղղված է համակարտության կարգավորման գործընթացի շրջանակներում համագործակցության նպատակով կողմերի վստահության վերականգնմանը:

No comments: