Thursday, November 24, 2011

Ով է վարկաբեկում ազատագրված տարածքը

«Լրագիր» 23-11-2011- 1995թ, երբ ինչ-որ տեղից «հավանություն է» ստացվել բնակեցնել ազատագրված տարածքները, նախկին Լաչինի, ներկայիս Քաշաթաղի շրջանը լցվեց ամենատարբեր մարդկանցով: Իսկական հայրենասերների կողքին, որոնք ապրում են Քաշաթաղում մինչ օրս, քանի որ համարում են դա իրենց հողը, Ղարաբաղ եկան նաեւ բազմաթիվ մարդիկ, որոնք փրկություն էին փնտրում վարկատուներից, իրավապահ մարմիններից, աշխատանքից ու ապաստանից զրկված մարդիկ, փախստականներ Ադրբեջանից, եւ պարզապես արկածախնդիրներ: Ղարբաղում նրանց գրավում էր արտոնությունների առկայությունը, անվճար էլեկտրականությունը, ոչ մեծ նյութական աջակցությունը, մի խոսքով, այն ամենը, ինչ նրանք չունեին Հայաստանում:
Հետաքրքիր է, որ նրանք կարող էին բնակվել խիստ որոշված տեղերում, որն այն ժամանակ բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց, որ ազատագրված տարածքները պատրաստվում են հանձնել: Դա հատկապես վերաբերում էր Աղդամին եւ Ֆիզուլիին:
Վերաբնակեցումից մի քանի տարի անց արտոնությունները վերացվեցին, Հայաստանում իրավիճակը որոշակիորեն լավացավ, ղարաբաղյան ղեկավարությունը Քաշաթաղում ահաբեկության մոտ քաղաքականություն սկսեց վարել, եւ շրջանում պատահաբար հայտնվածներից շատերը կամ չդիմացան դրան, կամ էլ լքեցին շրջանը:
Չօգնեց նաեւ Ղարաբաղ եկած ԵԱՀԿ մոնիտորինգի առաքելությունը, որոնք ստուգեցին տարածքները, հաստատեցին, որ այնտեղ խաղաղ բնակչություն է ապրում, տարածքը վերաբնակեցվում է եւ վերջ: Ոչ մի սանկցիա, ավելին, ԵԱՀԿ-ն կարծես ակնարկեց, որ այդպես էլ պետք է լիներ, եւ այդ տարածքները պետք է բնակեցվեն:
Այժմ Քաշաթաղը մշակութային հայրենասիրության եւ բյուրոկրատական ահաբեկության կոնգլոմերատ է ներկայացնում իրենից: Հրաշալի պատկերասրահ, մանկատուն երեխաների համար, «Ինչ, Որտեղ, Երբ»-ի թիմ, ստեղծագործական կոլեկտիվներ, փիլիսոփայական դիտարկումներ հայրենիքի մասին ալպիական սարերի ստորոտում, արոտավայրերի շրջապատում՝ այս ամենը խառնվում են ճանապարհների բացակայությանը, բիզնեսի սահմանափակումներին, կնամոլությանը եւ նվաստացմանը: Իսկ գլխավորն այն է, որ չի արմատավորվում այն զգացումը, որ այս ամենը քոնն է, եւ այն ոչ ոք չի խլի:
Այս տարածքները բնակեցնելու համար տարատեսակ հետաքրքիր գաղափարներ պետք չէ մտածել՝ նոր քաղաքներ կառուցել, այդ հողերը խնդրել Ադրբեջանում կորցրած սեփականության դիմաց կամ էլ բնակեցնել այն նախկին զեկերով: Բավական է հավաստիացնել, որ այդ հողերը ոչ ոք չի պատրաստվում որեւէ մեկին տալ, որ դա մեր հողն է, որ փոխհատուցումն արդեն ստացված է, եւ նրանք, ովքեր կգան այս հողեր, երջանիկ կլինեն:
Այժմ ամեն ինչ արվում է հակառակը, եւ վերաբնակեցումը վարկաբեկվում է ում կողմից ասես: Վաղը ինչ-որ մեկը կարող է առաջարկել այնտեղ բանտեր կառուցել: Եվ այդ ժամանակ կարելի կլինի ոչ միայն խաչ քաշել ազատագրված տարածքների վրա, այլեւ ողջ Ղարաբաղի ու Հայաստանի: Եթե Ղարաբաղը կարողանար գոյատեւել ազատագրված տարածքներից անկախ, ոչ ոք ուժ ու կյանք չէր տա դրանք նվաճելու համար: Եվ ոչ ոք աշխարհում դա թույլ չէր տա:
Նաիրա Հայրումյան

No comments: