Saturday, November 19, 2011

Պաշտոնական Բաքուն ընդդիմադիրներին մեղադրում է պետական դավաճանության մեջ. նրանք հայերի հետ կոնյակ են խմում

Tert.am. 19-11-2011- Ադրբեջանում որոշ ընդդիմադիրներ ընտրել են պետությանն ու ժողովրդին դավաճանելու ուղին։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը։
Խոսելով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի, և մասնավորապես ընդդիմություն–իշխանություն հարաբերությունների մասին, Ալի Հասանովն ասել է, որ իշխանությունները տարբեր ձևաչափերով երկխոսում են ընդդիմության հետ։
«Այդ երկխոսությունն ընթանում է տարբեր ձևերով։ Օրինակ, խորհրդարանում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները քննարկում են տարբեր թեմաներ։ Տարբեր համաժողովներին և հավաքներին մենք երկխոսում ենք ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Ես չեմ կարող այլ երկխոսություն պատկերացնել»,– ասել է Հասանովը։
Անդրադառնալով Ադրբեջանում գործող որոշ ընդդիամդիր կուսակցությունների և լրատվամիջոցների գործունեությանը՝ Հասանովը նշել է, որ նրանք հակաադրբեջանական կեցվածք են որդեգրել։
Հասանովն ասել է, թե մեկ–երկու ընդդիմադիր կուսակցություններ և ընդդիամդիր առաջնորդներ, մի քանի թերթեր, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում արտերկրից, հրճվում են Ադրբեջանի անհաջողություններով և տխրում հաջողությունների համար։

«Կարծես այդ մարդանց համար այս ազգը թշնամի լինի։ Բանը հասել է այնտեղ, որ նրանք պատճառ են փնտրում Ադրբեջանում «Եվրատեսիլի», միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումենրի անցկացումը ձախեղելու համար։ Նրանք չեն ցանկանում, որ աշխարհում Ադրբեջանի մասին լավը մտածեն, ինչի համար նրանք պատրաստ են ամեն քայլի»,– ասել է Ալի Հասանովը՝ ընդգծելով, որ նման ընդդիմություն աշխարհի որևէ երկրում գոյություն չունի։
«Հավատացեք՝ աշխարհի որևէ երկրում նման ընդդիմության չեմ հանդիպել։ Ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում, ոչ Ռուսաստանում, ոչ էլ որևէ այլ երկրում նման ընդդիմություն գոյություն չունի։ Նույնիսկ աֆրիկյան երկրներում ընդդիմությունը ձենք է վերցնում ու համարձակորեն պայքարում, այլ ոչ թե նրանց պես ընտրում է պետությանը, ժողովրդին դավաճանելու ուղին։ Բնականաբար, իմ խոսքերը պետք չէ վերագրել ողջ ընդդիմությանը, բոլոր ընդդիմադիր ԶԼՄ–ներին։ Սակայն կան մի երկուսը, որոնք ընտրել են այն ուղին, որը քիչ առաջ ես նշեցի»,– ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի ղեկավարը՝ ավելացնելով.
Վերջերս Վրաստանում ԵԽԽՎ–ի աջակցությամբ կազմակերպվել էր մի միջոցառում։ Այնտեղ մերոնք իրենց այնքան անպարկեշտ են պահել, որ երբ այդ մասին լսեցի մեր շխատակիցներից մեկից, ուղղակի սարսափեցի։ Հավանավբար դուք բազմիսց տեսել եք հեռուստացույցով՝ ինչպես են հայերի հետ կոնյակ խմում, կենացներ ասում Ադրբեջանի հաջողությունների համար… Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից բազմիցս տեղեկություն է ստացվել այն մասին, որ ընդդիամդիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց անունները տալ չեմ ցանկանում, միջազգային միջոցառումների ժամանակ խոստումներ են տվել այն մասին, որ «եթե դուք օգնեք մեզ գալ իշխանության, մենք ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծենք ձեր ուզածի պես, Հարավային Կովկասում կանենք այնպես, ինչպես դուք եք ուզում։ Ուղղակի ամոթ է, երբ նմանների հետ ապրում ես նույն երկրում»
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Ալի Հասանովն ասել է, որ ադրբեջանական կողմը դժգոհ է բանակցային գործընթացի դինամիկայից։
«Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ նման իրավիճակը մեզ չի գոհացնում։ Միակ հուսադրող կողմն այն է, որ համանախագահող երկրները նույնպես դեմ են ստատուս քվոյի պահպանմանը։ Եվ Միացյալ Նահանգները, ե Ֆրանսիան, և Ռուսաստանը, այդ թվում նախագահների մակարդակով, վերջին տարվա ընթացքում հայտարարել են, որ ստատուս քվոն շարունակվել չի կարող, ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է դուրս գա այդ վիճակից, խնդիրը պետք է լուծվի։ Մենք հուսով ենք, որ դա կլինի և շարունակում ենք բանակցությունները»,– ասել է Հասանովը։

No comments: