Sunday, November 27, 2011

Հայաստանն անկախության ճանապարհին

Օրեր առաջ իշխանական ճամբարում տեղի ունեցած պաշտոնանկությունների շքերթը լայն արձագանք է գտել հասարակական – քաղաքական շրջանակներում: Կատարվածի պատճառները բնութագրող` լրագրողների եւ վերլուծաբանների գնահատականները բազմազան են. հաճախ` օբյեկտիվ, երբեմն` ուղղակի արտառոց: Որքան հեռուն կարող է մարդուն տանել երեւակայությունը, երբ, օրինակ, տեղի ունեցածը գնահատում է որպես Ս.Սարգսյանի կողմից նախաձեռնված քաղաքակրթական մեծ փոփոխություն` դեպի արեւմտյան արժեհամակարգ, ընդ որում, Ռուսաստանին էլ համոզելով, որ դա է ճիշտ ճանապարհը: Թեկուզ ոչ այսչափ արտառոց, բայցնմանատիպ գնահատականների առատությունը ստիպում է կրկին մանրամասնությամբ անդրադառնալ հարցերի, որոնց պատասխանները, թվում է, վաղուց տրված են:
Այսպիսի գնահատականների հիմքում մեթոդական լուրջ սխալ է դրված` վերլուծությունը կատարվում է առանց փաստերն ու իրողությունները հաշվի առնելու: Կարծում եմ, Հայաստանին առնչվող ցանկացած քաղաքական հարց վերլուծելիս, որպես ելակետ պետք է ընդունել երկու անվիճելի իրողություն. նախ` որ Հայաստանի գործող իշխանությունը օրինակարգ չէ (լեգիտիմ չէ), եւ ապա` որ բնույթով ավազակապետական է: Եթե վերլուծություն կատարելիս նշված իրողությունները հաշվի չեն առնվում, ապա եզրակացությունները, որ կարող են ճիշտ լինել նորմալ իրավիճակի համար, հեռու կլինեն հայաստանյան իրականությունից: Երբ խոսվում է քաղաքակրթական փոփոխությունների գործընթացի եւ նման այլ բաների մասին, նշանակում է ելակետ է ընդունվել այն, որ երկրում կա որոշակի արժեհամակարգ կրող իշխանություն և Հայաստանն էլ այսօր ինքնիշխանության բարձր աստիճանի հասած պետություն է: Այդպե՞ս է, արդյոք:

Ինքնիշխան պետություն, թե՞ կիսագաղութ
Քաղաքական տեսությունը հետեւյալ կերպ է բնութագրում ինքնիշխան պետությունը.պետություն, որը հանդիսանում է միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, ինքնուրույն է որոշում եւ իրականացնում իր արտաքին եւ ներքին քաղաքականությունը, կախված չէ այլ պետություններից կամ պետությունների միավորումից:
Քաղաքական տեսությունը տալիս է նաեւ մեկ այլ տիպի պետության` կիսագաղութի սահմանումը. պետություն, որն ունի ֆորմալ (ձեւական) իրավաբանական ինքնուրույնություն, սակայն որի արտաքին եւ ներքին քաղաքականությունը փաստացի կախված է մեկ այլ պետությունից կամ պետությունների միավորումից: Այդպիսի պետությունը միշտ հանդիսանում է գերիշխան պետության կամ պետությունների խմբի սատելիտը: Նկատենք, որ քաղաքական առումով դժվար է մեղադրել այն պետությանը, կամ պետությունների խմբին, որոնք գերիշխանություն են ձեռք բերում մեկ ուրիշի նկատմամբ: Պետք է մեղադրել նրան, որն ինքնակամ ուրիշին է զիջում կամ չի կարողանում պահպանել իր ինքնիշխանությունը։
Դիտարկենք մեր պատմության վերջին տասներեքամյա շրջանից մի քանի փաստեր: Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Հայկական Ժամանակ օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բ. Արարքցյանը նշել էր ավազակապետական վարչախմբի կողմից կատարված, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքերը սասանող հետևյալ քայլերը. 1999 թվականին Քոչարյանի ստորագրած` Եվրոպայի անվտանգության ստամբուլյան խարտիան, որով Ղարաբաղը դե յուրե հանձնվում է Ադրբեջանին, Քոչարյանի նախաձեռնած «Գույք պարտքի դիմաց» գործարքը, որով Հայաստանի ողջ էներգահամակարգը հանձնվեց թեկուզ բարեկամ, բայց օտար պետությանը, Սերժ Սարգսյանի հասցրած հանցավոր հարվածը` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Ցեղասպանության հարցով պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելուն համաձայնություն տալը, «Լեզվի մասին» ՀՀ օրենքում սարգսյանական վարչախմբի կատարած տխրահռչակ փոփոխությունները: Պատկերն ամբողջացնելու համար, թվարկված փաստերին ավելացնենք ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովի հայտարարությունը` Հայաստանի ֆորպոստի կարգավիճակի մասին, Հայաստանի կապի համակարգն ու երկաթուղին Ռուսաստանին հանձնելը, Քոչարյանի կառավարման տարիներին ընդունված §Երկքաղաքացիության մասին¦ օրենքը, դրանից բխող, Ս. Սարգսյանի իշխանության հայտարարությունները` Հայաստանի խորհրդարանը երկպալատ դարձնելու վերաբերյալ, Իրան–Հայաստան գազամուղըկառուցելիս, դրանկատմամբմիերրորդ պետության կողմից տարանցիկությանբացառմանպարտադրանքին ենթարկվելը, Մեղրիի փոխանակման ամերիկյան ծրագրին Քոչարյանի տված եւ իր կամքից անկախ` չիրականացված համաձայնությունը, այս տարվա հոկտեմբերին Սանկտ – Պետերբուրգում բոլորի համար անսպասելիորեն Հայաստանի կառավարության կողմից ստորագրված ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, արդեն ակնարկվող Եվրասիական միության մասին պայմանագիրը, այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը ըստ էության ամբողջությամբ թողնված է ԱՄՆ – Ռուսաստան փոխհամաձայնության հույսին եւ այլն: Վառ երեւակայություն է պետք` այսպիսի ձեռնարկումներում ինքնիշխան Հայաստանի Հանրապետության պետական շահը տեսնելու համար: Ինչու՞ են արվել այս քայլերը, ի՞նչ խնդիր լուծելու համար: Կկատարե՞ր, արդյոք, ինքնիշխան պետությունը այսպիսի քայլեր:
Արտաքին քաղաքականությունը Ինչպե՞ս գնահատել այն պետության արտաքին քաղաքականությունը, որի հարաբերությունները չորս հարեւաններից երկուսի հետ (Թուրքիա, Ադրբեջան) միջնորդավորված են, երրորդի (Իրան)` սահմանափակված եւ այլ պետությունների խիստ վերահսկողության տակ, չորրորդի (Վրաստան)` կաշկանդված` միայլերկրիցտարաբնույթկախվածությանհետեւանքով: Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները անհարմար է արտաքին քաղաքականություն անվանել, մնացյալ աշխարհի հետ հարաբերությունները` հիմնականումտրաֆարետայինեն: Հայտնի չէ Հայաստանի արտաքին քաղաքական որեւէ նախաձեռնություն (հայ – թուրքական արձանագրություններին դեռ կանդրադառնանք), երկիրը դուրս է մղվել տարածաշրջանային գրեթե բոլոր ծրագրերից, շարունակում է մնալ քաղաքական եւ տնտեսական մեկուսացման մեջ:
Ներքին քաղաքականությունը Ինչպե՞ս գնահատել այն պետության ներքին քաղաքականությունը, որտեղ տիրում է աղքատություն, իրավազրկություն, քրեականացում, այլասերում ու բարոյազրկում եւ, որպեսդրանցհետեւանք` ՀՀ քաղաքացիների արդեն սովորական դարձած անդադար, զանգվածային արտագաղթ: Եթե ավելացնենք նաեւ ամեն մի համապետական ընտրությունից առաջ օտար պետությունների կառավարիչների աշխատասենյակների միջանցքներում §դաբրո¦-ի համար կուտակվող հերթերը, տարբեր պաշտոններում այս կամ այն գերտերությանը հաճո անձանց նշանակելը, ապա պատկերը կամբողջանա:
Մնում է որոշել, թե քաղաքական տեսության` պետությանը տրված վերը նշված երկու սահմանումներից ո՞րն է առավել համապատասխանում Հայաստանի ներկայիս կարգավիճակին:
Բայց ինքնուրույն արտաքին եւ ներքին քաղաքականություն ունենալու համար, առաջին հերթին պետք է իշխանություն ունենալ:

Իշխանություն թե՞ ադմինիստրացիա
Հայաստանի իշխանությունների ոչ օրինակարգությունը և ավազակապետական բնույթը հաստատող փաստերն առատ են, դրանց կրկին անդրադառնալու կարիքը չկա: Խնդիրը` երկրի համար դրանց քաղաքական հետեւանքների դիտարկումն է: Այդ գործում մեզ օգնում են քաղաքագիտության հետեւյալ երկու կանոնները: Կանոն առաջին. երկարաժամկետ, ռացիոնալ կառավարման ունակությամբ օժտված է օրինակարգության երկարաժամկետ աղբյուր ունեցող իշխանությունը: Կանոն երկրորդ. օրինակարգության երկարաժամկետ ներքին աղբյուրից զրկված իշխանությունը կամ ռեժիմը կառավարում է ուժով եւ, որպես կանոն, իր «օրինակարգության» աղբյուրը փնտրում է դրսում` ի դեմս արտաքին ուժերի: Այսպիսով, Հայաստանի ոչ օրինակարգ իշխանությունների գործողությունները պետք է ենթարկվեին նշված կանոններով սահմանած օրինաչափություններին եւ, հետեւաբար, այս իշխանությունների «օրինակարգության» միակ աղբյուր պետք է դառնային արտաքին ուժերը: Ավազակապետական բնույթն էլ, որի գլխավոր նպատակը` հնարավոր բոլոր միջոցներով երկրում ամրապնդվելն ու ցանկացած գնով վերարտադրության անընդհատությունն ապահովելն է, օրինակարգության երաշխավորված արտաքին աղբյուրների դիմաց վճար է դարձնում երկրի ռեսուրսներն ու ինքնիշխանությունը: Ավազակապետության հաստատումը Հայաստանում այսպես են սկսել Քոչարյանն ուՍարգսյանը, եւ համակարգը նույն ուղեգծով է ընթացել իր գոյության ողջ ընթացքում: Գերխնդիր ունենալով անձնական հարստության անարգել կուտակման նպատակով դիրքերի պահպանումը, ավազակախումբը երկրի իշխանության սահմանադրական լիազորությունների մի մասը փոխանցել է իր «օրինակարգության» գլխավոր աղբյուր հանդիսացող արտաքին ուժերին, այդպիսով դնելով երկրի գաղութացման հիմքերը, ինքն էլ հոժարակամ ստանձնելով երկրի կառավարիչի, կամ` նահանգապետի, մարզպանի դերը: Ավազակապետության ժամանակաշրջանի Հայաստանը վերապահումով կարելի է համարել ինքնիշխան պետություն, այն ավելի շուտ կառավարվող տարածք է, կամ` կիսագաղութ, իսկ Հայաստանում ոչ թե իշխանություն է այն իմաստով, ինչ իմաստով որ օգտագործվում է եզրույթը, այլ` արտաքին կառավարման ռեժիմ, կամ` ադմինիստրացիա: Այս տեսանկյունից դիտարկելիս, ռեժիմի կողմից կատարված` Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող քայլերը նման են օտարի շահերի սպասարկման գործողությունների եւ այլ բան չեն, քան` վճար իշխանության դիմաց: Ավազակապետական համակարգի կանխամտածված շահադիտական գործունեության արդյունքում Հայաստանը զրկվել է ինքնիշխանության հիմնական ատրիբուտներից. երկիրը չունի արտաքին, ներքին եւ անվտանգության ինքնուրույն քաղաքականություն, երկրի եւ ժողովրդի իրական պետական եւ ազգային շահերը օգտագործվում են ի շահ օտար տերությունների: Այսպիսի մի երկրի իշխանության հարցը չէր կարող դուրս լինել Մետրոպոլիայի (գաղութատիրոջ) լիազորությունների շրջանակից:

Հայաստանի գաղութացման նախերգանքը
Հայաստանի գաղութացման գործընթացը սկսվել է օրինակարգ ազգային իշխանություններին հեռացնելու ճանապարհով. 1998-ի փետրվարին ասպարեզից հեռացվեցին երկիրն անկախության հասցրած առաջին նախագահն ու նրա քաղաքական թիմը, իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ին` պետականության ութամյա ավանդույթի ուժով երկրի օրինակարգ իշխանությունը վերականգնելձգտող Վազգեն Սարգսյան–Կարեն Դեմիրճյան տանդեմը: 1999-ին Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի խարտիան, նույն թվականին էլ համաձայնություն տվեց Մեղրիի փոխանակման ծրագրին: Այդ ժամանակից սկսած, Հայաստանն անըդհատ ինքնիշխանության կորուստներ է ունեցել: 2000 թվականից հետո գնալով ավելի ու ավելի խայտառակ բնույթ ստացող բոլոր ընտրությունների ակնհայտորեն կեղծված արդյունքներին համերաշխորեն համակերպվել են թե գերտերությունները, թե միջազգային կազմակերպությունները: Առերեւույթ ցուցադրելով «անհանդուրժողական» կեցվածք, նրանք, ըստ էության, մեծապես նպաստել ենվարչախմբի վերարտադրությանը: Այլապես ինչպե՞ս բացատրել Եվրոխորհրդի անդամ եւ Եվրամիության արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում 2003 – 2004թ.թ.-ի հալածանքներին ու բռնարարքներին հաջորդած «մեկ քայլ առաջ»-ը` խաղաղ ցուցարարների 2008թ.-ի գնդակահարությունը:

Մետրոպոլիան
Տարածված և կարծրացած կարծիք կա, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի գերիշխանության տակ, իսկ Արեւմուտքը մրցակցում է այն իր ազդեցության գոտի տեղափոխելու համար: Սակայն որոշ ակնառու փաստեր շփոթ են մտցնում այս պատկերացման մեջ եւ նոր հարցեր են առաջ բերում: Ինչու՞ 2008թ.-ի նախագահական ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ եւ ԱՊՀ առաքելությունների` ընտրական գործընթացի եւ արդյունքների վերաբերյալ գնահատականները էության մեջ նույնական եւ կողմնակալ էին: Ինչու՞ Արեւմուտքը սատար չկանգնեց 2008թ.-ին սկիզբ առած` բռնապետության դեմ ուղղված Հայաստանի ժողովրդավարական եւ քաղաքացիական շարժմանը: Ի՞նչ էր համաձայնեցնում Քոչարյանը մարտի 1-ի իրադարձություններից մի քանի օր առաջ Մոսկվայում: Ինչու՞ էր 2008թ.-ի փետրվարյան տասնօրյա նստացույցի և մարտի 1-ի սպանդի թեման արգելափակված արեւմտյան լրատվամիջոցների համար: Ինչու՞ էր Հայաստանում ԱՄՆ –ի դեսպանը տենդագին ջանքեր գործադրում ջլատելու, պառակտելու համաժողովրդական շարժման ղեկավար քաղաքական ուժը` Կոնգրեսը: Ինչու՞ էր ԱՄՆ-ին ձեռնտու (ըստ Վիքիլիքսյան հրապարակումների) ոչ օրինակարգ, Ռուսաստանի խամաճիկ Սերժ Սարգսյանը: Ինչու՞ է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից պաշտպանվող Ս.Սարգսյանը աջակցություն ստանում Ռուսաստանում (վերջին այցի մոտիվներով): Ինչու՞ Եվրոխորհուրդը թույլ տվեց Հայաստանի իշխանություններին երեք տարի իր քթից բռնած ման տալ` ձգձգելով քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ ինչու՞ նույն Եվրոխորհուրդը փակված համարեց մարտի 1-ի էջը: Ինչու՞ Արեւմուտքը հանգիստ վերաբերվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին պայմանագրին, Սանկտ – Պետերբուրգում վերջերս ստորագրված ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի փաստին, ինչպես նաեւ` Եվրասիական միություն ստեղծելու մասին Ռուսաստանի ակնարկներին, իսկ Ռուսաստանը` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը: Ինչու՞ Ս.Սարգսյանը հայ – թուրքական մերձեցման գործընթացի մասին հայտարարեց Մոսկվայում, իսկ այնուհետեւ` հայ – թուրքական արձանագրությունների ստորագրման ամբողջ գործընթացը ղեկավարեց ԱՄՆ-ն, եւ այլն, եւ այլն: Սրանք պատահականություններ են, թե՞ Ռուսաստան - Արեւմուտք «հակամարտության» կամ «մրցակցության» նոր մոդել: Առնվազն միամիտ են այն դատողությունները, ըստ որոնց` ոչ օրինակարգ «նախագահ», ավազակապետության պարագլուխ Ս.Սարգսյանին հաջողվում է խաբել, կամ` մանեւրել գերտերությունների շահերի միջեւ: Այսինքն, մենք գլխի ենք, իսկ գերտերությունները` ո՞չ: Զվարճալի է, իհարկե: Հարցերի տեսքով վերը նշված փաստերը, կարծես թե, այլ բանի վկայությունն են: Հայաստանի պարագայում ականատեսն ենք ոչ թե Ռուսաստան – Արեւմուտք մրցակցությանը կամ հակամարտությանը, այլ` փոխհամաձայնեցված գործողությունների: Աչքաթող չպետք է անել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների բազմիցս արած այն հայտարարությունները, ըստ որոնց` գլխավոր հարցերում երկու գերտերությունները հակասություններ չունեն եւ գործընկերներ են: Այսպիսով, ըստ իս, Մետրոպոլիայի դերում հանդես է գալիս ոչ միայն Ռուսաստանը, այլ, պայմանականորեն ասած, «եռանախագահող կոալիցիան»` հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության: Ի՞նչն է նրանց միավորում, որտե՞ղ են համընկնում, թվում էր թե, անհամատեղելի շահերը: Թեման ինքնին տարողունակ է եւ առանձին մանրամասն վերլուծության կարիք ունի: Նշենք միայն մի քանի նկատառում: Նախ, ինչու՞ չվերցնել այն, ինչը տրվում է: Եթե Հայաստանի ավազակապետական համակարգը առաջարկում է իր ծառայությունները, անմտություն չէ՞, արդյոք, դրանից առավելագույնս օգտվելուց հրաժարվելը: Երկրորդ. ըստ ամենայնի, Արեւմուտքը հանգել է այն եզրակացության, որ այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է, Ռուսաստանի հետ մրցակցությունը ավելի եւս կբարդացնի ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների լուծումը, ուստի հակամարտության քաղաքականությունից անցում է կատարվել համաձայնության քաղաքականության: Երրորդ. իր ինքնիշխանությունը կամավոր զոհաբերող Հայաստանը կարծես եռանախագահող կոալիցիայի համար վերածվել է հարմար մի պլացդարմի` տարածաշրջանային անցուդարձի վրա փոխհամաձայնեցված ազդեցություն գործելու համար: Չորրորդ. Հայաստանի պարագայում Արեւմուտքի և Ռուսաստանի շահերը խաչվում են երկու հարթություններում` հայ – թուրքական փակ սահմանի խնդիրը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկասկած, հարմար է այդ խնդիրները լուծել կոալիցիայի ներսում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա, ծանրաբեռնված չլինելով ինքնիշխան Հայաստանի ազգային – պետական շահերը հաշվի առնելու անհրաժեշտությամբ: Ինքնիշխան երկրի շահերը այնպիսի մի խոչնդոտ են, որ բարդացնում են համաձայնեցված գործողությունների իրականացումը, առավելեւս, որ ծրագրում կարող են նախատեսվել գործողություններ նույն այդ երկրի շահերի հաշվին: Հայաստանի ոչ օրինակարգ, խամաճիկային իշխանությունը պարզապես նվեր է սեփական շահերին հետամուտ գերտերությունների համար: Այդպիսի երկրում, հետեւաբար, ոչ թե իշխանություն է պետք, այլ` ադմինիստրացիա, որի հարցն էլ լուծվում է ոչ թե ընտրությունների, այլ` նշանակումների միջոցով` փոխհամաձայնությամբ:

Քաղաքական ընտրանք
Պատկերն ավելի պարզվում է Լեւոն Տեր – Պետրոսյանի առանձնահատուկ պարագան դիտարկելիս: Երբ 2007թ.-ի աշնանը առաջին նախագահը հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, շատերին թվում էր, որ նրա անձը հավասարապես ընդունելի կլինի թե Արեւմուտքի, թե` Ռուսաստանի համար: Համենայնդեպս, ակնկալիք կար, որ Լեւոն Տեր – Պետրոսյանի պարագայում գերտերությունները չեզոք դիրք կգրավեն եւ չեն միջամտի նախագահական ընտրությունների ընթացքին: Այսպես մտածելու համար հիմնավոր պատճառներ կային: Չէ՞ որ նրա իշխանության տարիներին ամենաբարձր մակարդակի են գտնվել Ռուսաստանի հետ հարաբերությունները` անդամակցություն ԱՊՀ-ին, ռազմավարական գործընկերության պայմանագիր, ռուսական ռազմաբազայի տեղակայում Հայաստանում, լայն համագործակցություն տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններում: Մյուս կողմից, նրա իշխանության տարիներին են իրականացվել համակարգային այնպիսի բարեփոխումներ (ժողովրդավարության հաստատում, բազմակուսակցական համակարգ, անցում շուկայական տնտեսությանը, խոսքի ազատություն եւ այլն), որոնք ապահովում էին Հայաստանի լիարժեք ինտեգրումը արեւմտյան արժեհամակարգին: Համենայնդեպս, Արեւմուտքի համար պետք է որ անհամեմատելի լինեին ազատական, ժողովրդավար Տեր – Պետրոսյանն ու ավազակապետության պարագլուխ Սարգսյանը: Հայտնի էր նաեւ նրա իրատեսական եւ ռացիոնալ դիրքորոշումը թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի շահագրգռությունների շրջանակում գտնվող հայ – թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցերում: Շատ ժամանակ չպահանջվեց համոզվելու համար, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը համերաշխորեն սատարում են Ս.Սարգսյանին: Անախրոնի՞զմ: Ամենեւին ոչ: Անխափան գործեց Մետրոպոլիայի շահը: Դրա համար կար երկու ծանրակշիռ պատճառ: Առաջին. կոալիցիոն եռյակը, ծանոթ լինելով Լ. Տեր–Պետրոսյանի աշխարհայացքին, քաղաքական եւ բարոյական սկզբունքներին, հաստատապես գիտեր, որ Լ. Տեր–Պետրոսյանը երբեք եւ ոչ մի պարագայում չի կատարի Հայաստանի ինքնիշխանությանը վնասող որեւէ քայլ: Երկրորդ, որ նույնքան կարեւոր է, օրինակարգության այն պաշարն էր, որով անխուսափելիորեն օժտված էր լինելու ընտրված նախագահ Տեր–Պետրոսյանը: Մինչդեռ, նրանց պետք էր ոչ թե քաղաքական պարտնյոր, այլ` հլու–հնազանդ ադմինիստրատոր:
Համաժողովրդական Շարժման մուտքը: Ռազմավարությունների պատերազմ
Իրավիճակը կայուն պահպանվում էր 2000 – 2008թ.թ. ժամանակահատվածում: Բայց ծագեց չնախատեսված մի խնդիր` գաղութն ապստամբեց:
Մետրոպոլիայի ռազմավարությունը 2007-ի աշնանը անսպասելի սկսված Համաժողովրդական շարժումը անհանգստացնող էր եւ, ծավալվելու պարագայում, կարող էր լուրջ սպառնալիք դառնալ թե Մետրոպոլիայի` Հայաստանում նվաճված դիրքերին, թե` ավազակապետական ադմինիստրացիայի գոյությանը: Շարժման ծավալման ընթացքը կանխելու զինանոցը մեծ էր եւ, ինչպես վկայում են փաստերը, օգտագործվեց առավելագույնս: Ընդ որում, այդ փաստերը կարծես թե հուշում են, որ այստեղ նույնպես եղել է դերերի փոխհամաձայնեցված որոշակի բաշխում: Նախ, անհրաժեշտ էր վերահաստատել ադմինիստրացիայի իրավական կարգավիճակը: Ադմինիստրացիան ապահովեց ընտրությունների կեղծումը, Մետրոպոլիան` դրանց արդյունքների միջազգային ճանաչումը: Հաջորդ փուլում փորձ արվեց ֆիզիկապես ոչնչացնել Շարժումը: Դատելով Ս.Սարգսյանի` 2008թ.-ին Մոսկվայում արված մի հայտարարությունից, այս գործողությանը աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանը: Երբ դա էլ ապարդյուն դուրս եկավ, գործի դրվեցին Շարժումը տրոհելու, պառակտելու մեթոդները` ամերիկյան սցենարով: Սակայն, դատելով ամեն ինչից, ռազմավարական առումով առանցքային գործառույթը վերապահված էր Եվրոխորհրդին` ժամանակի գործոնը: Ձգել ժամանակը այն հույսով, որ Շարժումը չի դիմանա ժամանակի փորձությանը, կկորցնի հասարակական աջակցությունը, կհոգնի, կտրոհվի և, ի վերջո, կդադարի:

Շարժման բնույթը Ի՞նչ պետք է հակադրեր այս ամենին Շարժումը: Բնականաբար, Շարժման ռազմավարությունն ու մարտավարությունը պետք է կառուցվեին` հաշվի առնելով այն իրողությունը, որ խնդիրը ոչ միայն ավազակապետական համակարգի կազմաքանդումն ու ժողովրդավարության հաստատումն է, այլեւ` Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը: Այսինքն, Շարժումն իր բնույթով ոչ միայն դեմոկրատական եւ քաղաքացիական է, այլեւ` ազգային – ազատագրական, եւ ունի երկու հակառակորդ` ի դեմս Հայաստանի ավազակապետական համակարգի եւ Մետրոպոլիայի: Բռնապետության դեմ պայքարի զուտ ներազգային խնդիրը, այսպիսով, վերածվել էր շատ ավելի բարդ մի խնդրի: Շարժման ազգային – ազատագրական բնույթը Լեւոն Տեր – Պետրոսյանը մատնանշել է մի քանի անգամ: Մասնավորապես, 2007թ.-ի սեպտեմբերի 21-ի` վերադարձից հետո իր առաջին հրապարակային ելույթի` հայաստանյան ռեժիմին տրված հետեւյալ գնահատականում` «Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը… Խնդիրն այս համակարգը կազմաքանդելն է, այս համակարգից ազատվելը»: Երրորդ աշխարհի երկրներ, ինչպես հայտնի է, կոչվում են 20-րդ դարում գաղութատիրությունից ազատված երկրները, որոնց մի մասը, քաղաքական տեսաբանների գնահատմամբ, իշխանությունների կոռումպացվածության եւ խամաճիկային բնույթի պատճառով շարունակում են մնալ կիսագաղութային կարգավիճակում, սատելիտային կախվածության մեջ: Երկրորդ անգամ ավելի ուղիղ տեքստով առաջին նախագահը իր միտքն արտահայտել է 2008թ.-ի հունվարի 22-ի հանրահավաքային ելույթում. «Անձամբ ես եւ իմ տասնյակ հազարավոր կողմնակիցները պատրաստ ենք մատուցել մեր անմնացորդ ծառայությունը ազգային – ազատագրական պայքարի նվիրական գործին: Պատրաստ ենք, հանուն Հայաստանի լուսավոր ապագայի, լարել մեր ողջ ուժերը, ներդնել մեր բոլոր ջանքերը, ենթարկվել ցանկացած զրկանքի ու զոհողության…»: Առաջին նախագահը հարցին անդրադարձավ նաեւ վերջերս` ՀՀ Անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ընդունելության ժամանակ. «Դժբախտաբար, Անկախության վերականգնումից 20 տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առջեւ: Մենք այսօր պետք է վերանվաճենք մեր Անկախությունը: Որովհետեւ այն մարդիկ, որոնք այսօր ղեկավարում են Հայաստանը, հոգու խորքում իրենց անկախ չեն զգում: Այսօր էլ նրանք իրենց համարում են օտարների ճորտ, եւ մինչեւ այդ իշխանություններից Հայաստանը չազատվի, մենք լիարժեք Անկախություն չենք ունենա: Ուրեմն, ձեզ բախտ է վիճակվելու կրկին վերանվաճել Անկախությունը»:

Շարժման ռազմավարությունը Պատմությանը հայտնի ազգային – ազատագրական շարժումները երկու ընթացք են ունեցել`զինված ապստամբություն եւ այն, ինչը քաղաքականության մեջ կոչվում է «գանդիզմ»: Հայաստանի համաժողովրդական շարժումը զինված ապստամբության երբեւէ չէր գնա եւ չի գնա երկու պատճառով: Նախ, պայքարի այդ մեթոդը հակասում է Շարժումը ղեկավարող ուժի քաղաքական հավատամքին եւ սկզբունքներին, եւ ապա` քանի որ այդ դեպքում երկրի անխուսափելի ներքին անկայունությունը կարող է արժենալ Ղարաբաղի կորուստ, ինչի մասին բազմիցս արտահայտվել է Շարժման առաջնորդ Լ. Տեր – Պետրոսյանը: Պայքարի այսպես կոչված «գանդիզմ»-ի (մեզ մոտ այն այլ կերպ կոչվում է պայքարի սահմանադրական ուղի) մեթոդին կամ դրա տարատեսակներին մենք ծանոթ ենք գոնե 20-րդ դարի երեք օրինակներով` Գանդիի ղեկավարած ազգային – ազատագրական շարժումը Հնդկաստանում (ղեկավար մարմինը` Հնդկական Ազգային Կոնգրես), Մանդելայի ղեկավարած ափարթեյդի դեմ շարժումը Հարավային Աֆրիկայում (Աֆրիկյան Ազգային Կոնգրես) եւ` 1988 – 1990թ.թ. Համազգային շարժումը Հայաստանում (Հայոց Համազգային Շարժում), որի առաջնորդներից էր Լեւոն Տեր – Պետրոսյանը: Նշված երեք շարժումներն էլ, ի դեպ, պսակվել են հաջողությամբ: Առաջին նախագահի ղեկավարած այս նոր` 2007-ին սկիզբ առած համաժողովրդական շարժումը, պետք է ընթանար, հետեւաբար, մեկ անգամ իրեն արդարացրածճանապարհով: Նոր Շարժման անվանումն էլ փոխառնվեց հնդկական եւ աֆրիկյան հռչակավոր ազատագրական շարժումներից: Շարժման ռազմավարությունը Լեւոն Տեր – Պետրոսյանը բացահայտել է 2008թ.-ի մի քանի հրապարակային ելույթներում: Գլխավոր գծերով այն ներկայացնելու համար, բավական է մեջբերել նրա ելույթներից հետեւյալ հատվածները: Դեռեւս 2008թ.-ի ապրիլին ռուսական Новые Известия պարբերականին տրված հարցազրույցում, Շարժման հետագա ընթացքի մասին հարցին ի պատասխան, նախագահն ասել է. «դա կլինի դասական «գանդիզմ», քաղաքացիական անհնազանդություն»: Նույն թվականի ապրիլի 10-ին կոչով դիմելով բանտերում գտնվող եւ հացադուլ հայտարարած իր զինակիցներին, Լեւոն Տեր – Պետրոսյանը նշում է. «Ապրիլի 9-ը ոչ թե վերջը, այլ սկիզբն է այդ սրբազան պայքարի, որի դրսեւորման քաղաքական եղանակներն առաջիկայում հասանելի կլինեն մեր հասարակությանը: Կասկած չունեմ, որ Համաժողովրդական շարժման հարատեւությունը կստիպի նաեւ միջազգային հանրությանը` փոխելու իր վերաբերմունքը մեր պետության նկատմամբ»: Վերջապես, պատկերն ամբողջանում է 2008թ.-ի հուլիսի 4-ի հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր – Պետրոսյանի արտահայտած հետեւյալ մտքով. «… հիմնարար եւ հետեւողական աշխատանք … Համաժողովրդական շարժումը տեւական քաղաքական գործոնի վերածելու, այն է` Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ»: Այսպես, ուրեմն, երեք սկզբունք` «գանդիզմ», հարատեւություն, տեւական քաղաքական գործոն: Ի՞նչ է սա նշանակում:

«Գանդիզմ» Թե հնդկական, թե աֆրիկյան եւ թե հայկական ազատագրական շարժումներին բնորոշ է գաղափարախոսական բազմաշերտությունը եւ սոցիալական լայն ընդգրկվածությունը: «Գանդիզմին» բնորոշ էր նաեւ մարտավարության լայն զինանոցը, խաղաղ, քաղաքացիական, զանգվածային պայքարի մեթոդները, բռնության մերժումը: Հայաստանի նոր Համաժողովրդական շարժման քաղաքական ղեկավար կառույցը` Հայ Ազգային Կոնգրեսը, որդեգրեց եւ իր ռազմավարության առանցքը դարձրեց «գանդիզմի» սկզբունքները: Բայց սա պարզ ընդորինակում չէր: Հզոր հակառակորդներ ունեցող Շարժման համար դա ճշգրիտ գործելաոճ էր: Խուսափել ուժային գործոնի վրա հիմնված, Շարժման համար վտանգավոր առճակատումից եւ զրկել հակառակորդին գլխավոր կռվանից, պարտադրել նրա համար անսովոր` իրավունքի եւ օրենքի դաշտը, ներքաշել երկարատեւ, ծանր, հակառակորդի ռեսուրսները մաշող, համակարգը քանդող, վերջինիս մոտ պարտվողի հոգեբանական բարդույթ ձեւավորող խաղաղ պայքարի մեջ: Միեւնույն ժամանակ, Շարժման համար հոգեհարազատ իրավունքի եւ օրենքի դաշտում հանդես բերել վճռականություն եւ համարձակություն, երբեմն նունիսկ` ագրեսիվություն: Ամեն մի արգելված հանրահավաքի կամ երթի անցկացում, ամեն մի խայտառակ դատավարություն, յուրաքանչյուր քաղբանտարկյալի կամ բերման ենթարկված ակտիվիստի ազատ արձակում, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների ամեն մի զեկույց, ԵԽԽՎ ամեն մի բանաձեւ, հանրահավաքների օրերին փակված ճանապարհների ամեն մի ճեղքում, Հյուսիսային պողոտայի կամ Սարյանի պուրակի ամեն մի օր փոքր հաղթանակներ էին Շարժման համար, միաժամանակ` պարտություններ համակարգի համար: Պայքարի չորս տարիների ընթացքում Շարժումը դույզն իսկ չի շեղվել այս ուղուց:

Շարժման հարատեւությունը Սա այն է, ինչը կոչվում է ժամանակի գործոն: Ճիշտ այն է, ինչը որդեգրել էր նաեւ Մետրոպոլիան: Եթե Մետրոպոլիայի հաշվարկը ժամանակի ընթացքում Շարժման մարումն էր, Շարժման հաշվարկը` պայքարի ընդլայնումն ու հակառակորդի դեմ երկրորդ ճակատի ձեւավորումն էր: Երկրորդ ճակատը պետք է կազմեր քաղաքացիական հասարակությունը: Ժամանակ էր պետք տասը տարի ավազակապետության մամլիչի տակ կքած քաղաքացիական հասարակությունը տեղից շարժելու եւ ոտքի հանելու համար: Քաջ գիտակցելով, որ երկրի ինքնիշխանության, անվտանգության, ժողովրդավարության գլխավոր երաշխավորը քաղաքացիական հասարակությունն է, Հայ Ազգային Կոնգրեսի համար այդ խնդրի լուծումը հատուկ նշանակություն ուներ: Մի կողմից, անընդհատ գործողություններով Կոնգրեսը պետք է վերածներ հասարակական ակտիվությունը, մյուս կողմից, գլխավոր հարվածն իր վրա վերցնելով` ազատեր քաղաքացիական կառույցները համակարգի ճնշումից եւ նրանց համար անկաշկանդ գործելու դաշտ ստեղծեր: Հանրահավաքներից մեկի ժամանակ կոչ արվեց սոցիալական բոլոր խմբերին` ձեւավորել անկախ արհմիություններ: Վերջին ժամանակաշրջանում ավելի ու ավելի կազմակերպված բնույթ կրող եւ հաճախակիացող սոցիալական ակցիաները քաղաքացիական հասարակության ակտիվացման ակնհայտ նշաններն են: 2011թ.-ի մայիսի 31-ի հանրահավաքում վերլուծելով ռեժիմի կողմից հասարակության պահանջներին ընդառաջ կատարվող նշանակալի զիջումների հինգ գլխավոր պատճառները, Լ.Տեր – Պետրոսյանը այդ շարքում առանձնացրեց սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերը, դրանով, կարծես, ընդգծելով այդ ուղղությամբ Շարժման ռազմավարության հաջողությունը:

Հայ Ազգային Կոնգրեսը` տեւական քաղաքական գործոն Շարժման վերջնական հաղթանակը մեծապես պայմանավորված էր լինելու այն հանգամանքով, թե կկարողանա՞, արդյոք, այն դառնալ մշտական եւ ծանրակշիռ գործոն Հայաստանի քաղաքական համակարգում: Հասարակության համար գործող ռեժիմին իրական հակակշիռ եւ այլընտրանք ձեւավորելուց բացի, խնդրի լուծումն ուներ մեկ այլ կարեւոր նշանակություն եւս: Ինչպես նշեցինք վերեւում, Հայաստանի կիսագաղութային վիճակն անհրաժեշտ էր Մետրոպոլիային` ձեռք բերված ներքին պայմանավորվածությունները անարգել կյանքի կոչելու համար: Սակայն Շարժման արձանագրած հաջողությունների շնորհիվ, Մետրոպոլիայի տասնամյա անսահմանափակ գերիշխանությունը աստիճանաբար վերանում է: Հայաստանն ինքնիշխանության ակնհայտ նշաններ է ցույց տալիս: Եթե Հայաստանին առնչվող, ստրատեգիական նշանակության որոշումները կայացնելիս ստիպված են հաշվի առնել նաեւ հասարակական կարծիքը եւ ցանկացած հարց քննարկել այդ հասարակության ներկայացուցչի` Հայ Ազգային Կոնգրեսի հետ, նշանակում է, որ Հայաստանն արդեն նախկին կիսագաղութը չէ, այլ` ինքնիշխանությունը վերականգնող երկիր է: Այսպիսի իրավիճակում, բնականաբար, խամաճիկ ադմինիստրացիայի դերն ու նշանակությունը աստիճանաբար զրոյանում են, նա իմաստազրկվում է: Արձանագրելով Շարժման ռազմավարական հաջողությունը նաեւ այս ուղղությամբ, Լեւոն Տեր – Պետրոսյանը 2011թ.-ի սեպտեմբերի 23-ի հանրահավաքում դիմում է Մետրոպոլիային. «Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիության երկրները պետք է հասկանան վերջապես, որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ թե՛ Հայաստանի մնացյալ կենսական խնդիրների լուծումը … հնարավոր է միայն հիրավի ընտրյալ, օրինապահ եւ ժողովրդի լիակատար վստահությունը վայելող իշխանությունների ձեւավորման պարագայում», ավելացնելով, որ այդ խնդիրները լուծում պետք է ստանան ոչ թե այն պատճառով, որ նրանք այդպես են ուզում, այլ` քանի որ դա մեզ է պետք նախ եւ առաջ: Կոնգրեսը եւ մեծ թափով վերականգնվող, ոտքի կանգնող քաղաքացիական հասարակությունը համառ, երկարատեւ պայքարի արդյունքում ստանձնել են Հայաստանի ինքնիշխանության երաշխավորի դերը: Ամենաէականն այն է, որ սա անդառնալի գործընթաց է: Ահա թե ինչ սրբազան գործ է կատարել ու կատարում Շարժման յուրաքանչյուր մասնակից` երկարատեւ այս պայքարի ընթացքում:

Կոնգրեսի ռազմավարական հաղթանակը
Ռազմավարությունների պատերազմն, այսպիսով, ավարտին է մոտենում Շարժման ակնհայտ առավելությամբ.
- Հակառակորդին չհաջողվեց ֆիզիկապես ոչնչացնել Շարժումը: 2008-ի մարտի 1-ին եւ դրանից հետո ծանր հարված ստացած Շարժումը կարճ ժամանակում լիովին վերականգնվեց, դարձավ ավելի կազմակերպված, կուռ մի համակարգ: Ճկուն մարտավարությամբ զրկելով համակարգին ուժային ռեսուրսը լիարժեք գործի դնելու հնարավորությունից, վերականգնված Շարժումն ինքը հարվածներ հասցրեց ավազակապետությանը` փոքր, բայց առարկայական, մշտական: Ստացվեց հակառակը` գնալով թուլացավ եւ ճաքեր տվեց հենց ավազակապետությունը:
- Շարժումը պառակտելու, մասնատելու բոլոր ջանքերն ապարդյուն էին: Շարժումը լիովին պահպանեց իրեն բնորոշ գաղափարախոսական բազմաշերտությունը եւ սոցիալական ընդգրկվածությունը եւ, հազվադեպ երեւույթ, գրեթե ամբողջությամբ` նաեւ կազմը:
- Շարժումը դիմացավ ժամանակի փորձությանը, չկորցրեց հասարակական աջակցությունը, չհոգնեց, չդադարեց: Ժամանակի գործոնը, որ վտանգավոր պետք է լիներ Շարժման համար, այդպիսին դարձավ համակարգի համար: Ապացույցը` այն մեծ փոփոխությունն է, որը կարելի է կոչել քաղաքացիական հասարակության վերածնունդ, եւ որը դառնում է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հիմնական երաշխիքներից մեկը:
- Շարժումն, ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, դարձավ Հայաստանի քաղաքական դաշտի մշտական եւ ծանրակշիռ դերակատարը, Հայաստանի ինքնիշխանության գլխավոր երաշխավորը: Վերջին տասներեք տարիներին Հայաստանի անկախությունն այդքան պաշտպանված չի եղել, որքան ներկայումս: Հայաստանը նախկին մեթոդներով կառավարելն այլեւս անհնար է: Պատահական չէ, որ 2008թ.-ից ի վեր, չնայած մի շարք փորձերի, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող իրական, առարկայական հետեւանք առաջացնող գործողություններ, ըստ էության, չհաջողվեց կատարել, երկրի ռազմավարական ռեսուրսների շուրջ գործարքներ տեղի չեն ունեցել:
Շարժման ռազմավարության պսակը հանդիսացան 2011թ.-ի գարնան զարգացումները եւ ամռանը սկիզբ առած Կոնգրես – իշխանություն երկխոսությունը, որն այլ բան չէր, եթե ոչ` ռեժիմի եւ Մետրոպոլիայի կողմից ռազմավարությունների պատերազմում Շարժման հաղթանակի ճանաչումը:
Ռազմավարությունների պատերազմում Շարժման հաղթանակի շնորհիվ ձեւավորված նոր իրողություններն ու նոր իրավիճակը լիովին նպաստավոր պայմաններ են ստեղծել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ավազակապետության տապալումը եւ Հայաստանի ինքնիշխանության լիակատար վերականգնումը իրականություն դարձնելու համար: Շարժմանն ու Հայաստանի հասարակությանը մնում է կատարել վճռական մի քայլ անկախության ճանապարհին:

ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Լրագիր» 26-11-2011.

No comments: