Panorama.am. 26-11-2011- «Ես համամիտ եմ, որ առաջիկա ամիսներին Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում երկարատև ընդմիջման ականատես կլինենք: Թեպետ դա պայմանավորված կլինի ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում սպասվող ընտրական գործընթացներով»,- անդրադառնալով Panorama.am-ի հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում բանակցային գործընթացի ետին պլան անցնելը Հայաստանում և Ռուսաստանում ընտրական գործընթացներով պայմանավորված` նշեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը:Նրա խոսքերով, շփման գոտում վերջին իրադարձություններն իրենց հերթին արդեն իսկ ստեղծում են ծայրահեղ բացասական մթնոլորտ` ցանկացած երկխոսության համար:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանո՞վ կարևոր էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի դերակատարումը բանակցային գործընթացում և ի՞նչ կարելի է ակնկալել այն բանից հետո, երբ ՌԴ-ն նոր նախագահ կընտրի, Ա.Արեշևը նշեց, որ թեև Մեդվեդևը բավականին ակտիվ էր, սակայն նրա ջանքերը հաջողությամբ, ցավոք, չեն պսակվել.
«Անկախ այն բանից, որ նա Օբամայի հետ համատեղ հռչակագրեր էր ընդունում, հաջողության չհասավ»:
Ավելին` քաղաքագետը վստահ է, որ այս ամենն ամենևին էլ պատահականություն չէ և նախագահի վերջին հայտարարությունը հակահռթիրային խնդրի հետ կապված բացահայտ վկայում է, որ ամեն երկիր գործում է իր ազգային շահերից ելնելով միայն: Դա վերաբերում է թե ԱՄՆ-ին և թե Ռուսաստանին.
«Այնպես որ ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգետների հայտնվելը Հարավային Կովկասում դժվար թե ուրախացնի Մոսկվային»: Ա.Արեշևը ավելացրեց նաև, որ բացահայտ է ռուս-ամերիկյան հարաբերությունների սառեցումը, իսկ դա իր հերթին լուրջ հնարավորություններ է ընձեռում բարելավել երկխոսությունը Մոսկվայի և Թեհրանի միջև.
«Իսկ վերջինս շատ է հետաքրքրված սեփական սահմանի երկայնքի կայուն լինելով: Այնպես որ վստահորեն կարելի է կանխատեսել այն պատրանքի վախճանը, թե մեկ կամ մի քանի առաջնորդներ կարող են հավաքվել ու հեշտությամբ լուծել այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- շեշտեց մեր զրուցակիցն ու հավելեց` գուցե արդեն դրա ականատեսն ենք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment