Tert.am. 26-11-2011- Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պաշտոնական հանդիպում է ունեցել Լիբանանի հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հասսան Տիապի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի զարգացման, մշակված կրթական նոր ծրագրերի և երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: Պաշտոնական հանդիպումից հետո նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է փոխանցել Հայաստանի Հանրապետության կողմից հատկացված 120 լաբորատոր սարքավորումները և նմուշները, որոնք պետք է տրամադրվեն լիբանանյան 120 պետական դպրոցներին: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից։Հանձնման արարողությունից հետո նախարարներ Ա. Աշոտյանը և Հ. Տիապը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկկողմ հանդիպումը գնահատել են արդյունավետ ու հեռանկարային: Լիբանանի Հանրապետության հանրակրթության և բարձրագույն կրթության նախարար Հ. Տիապը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրած նվիրատվության համար և ընդգծել, որ սարքավորումների կիրառումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը: «Այս սարքավորումների շնորհիվ գործնական հիմքերի վրա է դրվում ուսուցման գործընթացը, որը լիբանանցի աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի հեշտ ընկալել բնագիտության, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության վերաբերյալ նյութերը»,- նշել է նախարար Տիապը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև կրթական համագործակցության նոր որակ կձևավորվի:
Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կողմից հատկացված այս նվիրատվությունը խորհրդանշում է երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությունն ու պատմական հարաբերությունները: Նա վսատահություն է արտահայտել Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության կապերի հետագա զարգացման վերաբերյալ: «Մենք կարևորում ենք արաբական երկրների հետ համագործակցության ընդլայնումը, ուսանողական կրթաթոշակների տրամադրումը, որը հնարավորություն է տալիս ինչպես միջմշակութային հաղորդակցության, այնպես էլ հայ ուսանողներին արաբերենի իմացությունների զարգացման համար»,- մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի համար կրթության ոլորտը առաջնահերթություն է և ՀՀ կառավարությունը գործադրում է ջանքեր դպրոցներն ու համալսարանները երկրի զարգացմանը ծառայեցնելու նպատակով: Աշոտյանն ընդգծել է նաև Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքների կարևորությունը` շեշտելով, որ պաշտոնական այցելության ծրագրերում հատուկ տեղ է հատկացվելու կրթության ոլորտին:
ԿԳ նախարարը պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաև Հայկազյան համալսարան և հանդիպում ունեցել տեղի ուսանողության հետ: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստան-Լիբանան կրթական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող կրթական բարեփոխումների գործընթացին: Նախարարը նշել է, որ բարեփոխումների նպատակը Հայաստանի կրթական համակարգը որակական նոր մակարդակի բարձրացնելն է: «Կրթական նոր կարգեր ներմուծելով՝ մենք փորձում ենք փոխել նաև ուսանողության մտածելակերպը, և մենք համոզված ենք, որ, որակյալ կրթություն ստանալու հարցում ամենաշահագրգիռ անձն ուսանողը պետք է լինի»,- հանդիպման ընթացքում նշել է Աշոտյանը:
Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպանատանը ԿԳ նախարարը հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական վարժարանների տնօրենների և կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Հայաստանի կրթական գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցը Լիբանան, նշելով, որ երկկողմ միջպետական հարաբերություններում կարևոր նշանակություն է տրվում կրթամշակության ոլորտին:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է երկու նախարարությունների միջև կնքված պաշտոնական համաձայնությունների և քննարկված բազմաթիվ հարցերի մասին: Հանդիպման ընթացքում Լիբանանի հայկական վարժարանների տնօրենները և ուսումնական խորհուրդների անդամները նախարարին ներկայացրել են լիբանանահայ կրթօջախներում առակա խնդիրներն ու դժվարությունները:
Ավելի ուշ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է նաև Լիբանանի հայկական գաղթօջախի ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում զրույց է ծավալվել է հայկական գաղթօջախի խնդիրների շուրջ: Սփյուռքահայ լրագրողները ՀՀ ԿԳ նախարարաի հետ հանդիպման ընթացքում մտահոգություն են հայտնել Լիբանանի կրթության բնագավառում թուրքական պետության միջամտությունների առնչությամբ, որոնք մասնավորապես դրսևորվում են քարոզչական բնույթի ագրեսիվ նախաձեռնություններով: ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարևորել են երկկողմ փոխայցելությունների կազմակերպումը, որը կնպաստի նաև միջպետական կապերի զարգացմանը:
Աշոտյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 27-ին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment