Sunday, November 27, 2011

Ռուսաստանի սին փորձերը

Ռուսաստանը կանգնել է տհաճ իրականության առջեւ, երբ Թուրքիան ԱՄՆ-ին դուր գալու համար վարում է Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն: Անկարան ոչ մի հայտարարություն չի անում, իրենց հերթին թուրքական ԶԼՄ-ները գերադասում են չմեկնաբանել տվյալ հանգամանքը: Թուրքիան, իհարկե, փորձելու է թույլատրված շրջանակներում վարել խուսանավելու քաղաքականություն, եւ հույս ունի, որ իրեն թույլ կտան ավելին, քան դա պատկերանում է ներկա փուլում:
Թուրքիան Ռուսաստանը դիտարկում է որպես հնարավոր գործընկեր, որը միշտ պատրաստ է բացել իր գիրկը եւ ընդունել թուրքական ցանկացած առաջարկ, եւ թուրքերի այս դիրքորոշումն ունի հիմքեր: Պետք է ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Թուրքիան չհասավ այն ամենին, ինչին ձգտում էր, քանի որ Մոսկվան պահանջում էր ապագայի համար ավելի հասկանալի երաշխիքներ, սակայն «ապագա» հասկացությունը թուրքական արտաքին քաղաքականության համար չէ:
Թուրք գործիչները փորձում են խուսափել այն բանից, ինչը համարվում է համաշխարհային ուժի կենտրոնների ու խոշոր տերությունների հետ ռազմավարական, երկարաժամկետ հարաբերություններ, քանի որ իրենք իսկ չգիտեն եւ չեն կարող պատկերացնել նույնիսկ մոտ ապագան: Թուրքերի համար կարեւոր է պահպանել արտաքին քաղաքական օպերատիվ մանեւրների իրագործման ազատությունը, ինչը Անկարայի համար համարվում է բազմապլան նպատակներին հասնելու բազային պայման:
Սակայն, Ռուսաստանը չի կարող ինքզինքը թույլ տալ Թուրքիայի ու այլ պետությունների մեծամասնության հետ կարճաժամկետ պայմանավորվածությունների հիման վրա հարաբերություններ կառուցել, առավել եւս, եթե խոսքը էներգետիկ հաղորդակցությունների եւ մատակարարումների մասին է:
Հարաբերությունների նման ռեժիմը, երբ առաջնահերթ է համարվում կարճաժամկետ խնդիրների լուծումը, լիովին ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ ԱՄՆ քաղաքականությունն ունի գլոբալ բնույթ, եւ երկարաժամկետ պարտավորությունները կարող են եւ ձեռնտու չլինել ամերիկացիներին:
ԱՄՆ կառուցել եւ հաջողությամբ վարում է հենց նման, մեծամասամբ իրավիճակային քաղաքականություն Թուրքիայի հանդեպ, նկատի առնելով, որ որքան էլ Թուրքիան ձգտի «անկախության», նա չի կարող երկար ժամանակ գոյատեւել առանց ԱՄՆ, ՆԱՏՕ-ի եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնության ու աջակցության:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը տարբեր քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են թույլ չտալու Թուրքիայի չափազանց հեռացումն իրենից: Ռուսաստանն այդ նպատակով օգտագործում է ինտելեկտուալ ռեսուրսները, անցկացնում է հնարավոր ամեն տեսակի համաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում մշտապես հնչում է որոշ պատկերացումների արխայիկության մասին միտքը, կապված պատմական կարծրատիպերի հետ, եւ նախ եւ առաջ նկատի են առնվում Հայաստանի խնդիրները:
Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում շարունակում է օգտագործել «հայկական ռեսուրսը» Հայաստանի շահերը «հանձնելու» մասով, սա անկասկած է: Այս առաջադրանքը տրված է ոչ միայն Մոսկվայի որոշակի կենտրոններին, այլեւ այն տարածաշրջաններում ռուսական դեսպանատներին, որտեղ կարող են խնդիրներ ծագել՝ կապված հայերի գործունեության հետ:
Կան նշաններ, որ Թուրքիայի հետ հարաբերություններին զուգահեռ, Ռուսաստանի նման դիրքորոշման պատճառը Հայաստանի «նոր» արտաքին քաղաքականությունն է, որն ուղղված է Արեւմուտքում որոշակի գործընկերների ձեռքբերմանը:
Լիովին ակնհայտ է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի վրա ուժեղ ճնշում գործադրելու ուղղությամբ, օգտագործելով քաղաքական ու տնտեսական լծակները: Մոսկվայում համարում են, որ դժվար թե հաջողվի Հայաստանի վրա ուժեղ ճնշում գործադրել ընտրությունների կապակցությամբ, ինչը ռուսների համար, թվում է, ամենավիրավորականն է: Սա էլ ավելի շատ է գրգռում ռուսներին:
Ո՞րն է ելքն այս իրավիճակից: Անշուշտ, արտաքին «նոր» քաղաքականության շարունակումը:
Իգոր Մուրադյան

No comments: