Sunday, November 20, 2011

Սաակաշվիլին անդրադարձել է հայ ընտանիքին սպանած վրացի մարդասպանի դատավճռին

Tert.am. 19-11-2011- Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հետևել է առաջին անգամ Վրաստանում երդվյալ ատենակալների մասնակցությամբ ացկացված դատատական գործընթացին, որի ժամանակ քննության էր առնվել Մինասյանների ընտանիքի անդամների սպանության գործը:
«Տարիներ առաջ մեծ ողբերգություն տեղի ունեցավ. սպանեցին Ձեր ընտանիքի անդամներին: Սակայն արդարությունը հաղթեց: Դա առաջին դատական գործընթացն էր երդվյալ ատենակալների մասնակցությամբ: Մենք շատ էինք անհանգստանում, և ես կարծում եմ, որ խիստ անհրաժեշտ էր այդ գործընթացի արդարացի հանգուցալուծումը»,-ասել է նա ՝Մինասյանների ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Սաակաշվիլիի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ երդվյալ ատենակալներից երկուսը դեմ էին, մեծամասնությունը մարդասպանին մեղավոր ճանաչեց:
«Խոսքն իրավունքին է վերաբերում, և այն մարդիկ, որոնք այդքան դաժան վարվեցին Ձեր ընտանիքի անդամների հետ, չպետք է առանց պատժի մնան. նրանց մեծ մասն այլևս կենդանի չէ, իսկ մի մասն էլ դատապարտվել է: Դա նշանակում է, որ արդարությունը միշտ հաղթում է: Արդարությունը Ձեր կողմն էր, ես վստահ էի դրանում»,-ասել է Սաակաշվիլին:
Երեկ Թբիլիսիի շրջանային դատարանն առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Ռևազ Դեմետրաշվիլիին ընդամենը 14–ամյա ազատազրկման դատապարտեց: Դատարանն այդպիսով ավարտեց ամուսիններ Նշան և Ֆլորա Մինասյանների, նրանց որդու՝ Վազգենի սպանության, ինչպես նաև Մինասյանների դստեր՝ Գայանեին և Վազգենի մանկահասակ երեխային վնասվածքներ հասցնելու առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը։
«Պատիժը սահմանվել է մեղադրող և պաշտպանական կողմերի ու երդվյալ ատենակալների մասնակցությամբ, որոնք (երդվյալ ատենակալները) դատարանին առաջարկել էին նրա նկատմամբ պատժի նվազագույն չափ սահմանել»,–ասել էր դատախազ Շոթա Տկեշելաշվիլին։
Ոճրագործությունը տեղի էր ունեցել 1994թ.։ 17–ամյա վաղեմության այդ գործը, սակայն, բացահայտվել էր այս տարվա սեպտեմբերին միայն։ Քննչական մարմինների տվյալներով՝ 1994թ. հունվարի 18–ին Գեորգի Օթարաշվիլին, Ռևազ Դեմետրաշվիլին և Ալեքսանդր Ռևազիշվիլին առևանգել էին Վազգեն Մինասյանին և ազատ էին արձակել 15 000 դոլար ստանալուց հետո միայն։ Փրկագինը, սակայն, 150 000 դոլար էր. կողմերը պայմանավորվել էին, որ ողջ գումարը՝ 150 000 դոլարը, պետք է վճարվի մի քանի օր անց։
Մի քանի օր անց, սակայն, չարագործները որոշել էին սպանել Մինասյանի ընտանիքի անդամներին, որպեսզի կոծկեն առևանգման փաստը։
Հաղորդվում է, որ սա առաջին գործն է Վրաստանում, որը քննել է երդվյալ ատենակալների դատարանը։

No comments: