Saturday, November 26, 2011

Թուրքիան ու ԱԵԼ-ի երկրները կողմ են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտվելու Իրանի իրավունքին

1in.am. 26-11-2011- Irib News-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում ավարտվել է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որին մասնակցել է նաև Թուրքիայի ներկայացուցիչը։
Նիստի ավարտից հետո Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) ու Թուրքիայի խորհրդարանների պատգամավորները հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Իրանը, տարածաշրջանի մյուս երկրների նման, ԱԷՄԳ-ի հետ թափանցիկ համագործակցության միջոցով միջուկային էներգիայից օգտվելու բնական ու օրինական իրավունք ունի։
Տվյալ փաստաթղթում շեշտը դրվում է Իսրայելի կառավարության կողմից Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ճանաչման անհրաժեշտության վրա՝ Մերձավոր Արևելքի ապամիջուկայնացման նպատակով։
Փաստաթղթում կարևորվում է, որ Իսրայելը, ինչպես նաև տարածաշրջանային մյուս երկրները, աջակցեն ԱԷՄԳ-ի հետ թափանցիկ համագործակցությանը, որպեսզի նրա տեսուչները կարողանան ստուգումներ անցկացնել զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) առկայության հարցում։
Հիշեցնենք, որ Ստամբուլում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների 3-րդ նիստը մեկնարկել է նոյեմբերի 24-ին։ Դրանում ԱԵԼ-ի ու Թուրքիայի ներկայացուցիչները քննարկում են տարածաշրջանի տնտեսական, քաղաքական ու մշակութային հարցեր։

No comments: