Wednesday, November 9, 2011

Հայ և գերմանացի մտավորականներն Էրդողանից պահանջում են ազատ արձակել Ռագըփ Զարաքոլուին

Tert.am. 9-11-2011- Հայ և գերմանացի մտավորականները նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պահանջել ազատ արձակել օրեր առաջ ձերբակալված Հայոց ցեղասպանության մերժողականության դեմ պայքարող հայտնի մտավորական Ռագըփ Զարաքոլուին։
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, Գերմանիայի «Պոտսդամ» համալսարանում հայ և գերմանացի մտավորականների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության թեմային նվիրված համաժողով է տեղի ունեցել։
Համաժողովի մասնակիցները կարևորել են գրող, հրատարակիչ, իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուի՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար իրականացրած աշխատանքը։ Մասնակիցները նամակով դիմել են Թուրքիայի վարչապետին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ռագըփ Զարաքոլուին։
Համժողովին մասնակցել են «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, Րաֆֆի Կանտյանը, Այշե Գյուլ Ալթընայը և ուրիշներ

Հիշեցնեք, որ Ռագըփ Զարաքոլուն ձերբակալվել է օրեր առաջ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) դեմ իրականացված գործողության ժամանակ: Նույն գործի շրջանակում ձերբակալվել է նաև Զարաքոլուի որդին` Դենիզ Զարաքոլուն:
Զարաքուլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի մերժողականության դեմ պայքար մղող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:
Ամիսներ առաջ Ռագըփ Զարաքոլուն Երևանում ստացել է «Հակոբ Մեղապարտ» մեդալ:

No comments: