Wednesday, November 9, 2011

Արեւմուտքն ու «սրբության սրբոցները»

«Լրագիր» 9-11-2011- Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել Հայաստանի կապի ու տրանսպորտի նախարարի հետ: Հանդիպումն ուշագրավ է նրանով, որ դրա ընթացքում դեսպանը ասել է, թե կփորձի ամերիկյան ներդրողներ գտնել կապի ու տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերի համար:
Ինչպես պաշտոնական հաղորդագրությամբ է նշվում, դեսպանը հետաքրքրվել է սահմանային հատվածներում երկաթուղու տեխնիկական ներկա վիճակով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացով և օդանավակայանի տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրով:
Կապի ու տրանսպորտի ոլորտը Հայաստանի տնտեսության այն ոլորտներից է, որը գերակշիռ մասով “ռուսաֆիկացված” է: Ոլորտային ուղղությունները ունեն ռազմավարական նշանակություն եւ այդ իսկ պատճառով պատահական չէ այդ ռուսաֆիկացումը: Հայաստանի երեք բջջային օպերատորներից երկուսը պատկանում են ռուսական սեփականատեր ընկերություններին, Հայաստանի երկաթուղին կառավարում է Ռուսական երկաթուղիներ ընկերությունը:
Թեեւ Հայաստանի օդանավակայանը ռուսական կառավարման տակ չէ եւ կառավարում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, այդուհանդերձ Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերությունը այսպես ասած “ռուսոֆիլ” ընկերություն է, թե իր գործունեության աուրայով, թե ուղղվածությամբ, թե իր սեփականատիրոջ՝ Միքայել Բաղդասարովի տեսակով ու մտածողությամբ, նաեւ ռուսական բիզնես-ծագումով:
Այդ իրողության պայմաններում, բավական հետաքրքրական է հնչում Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի խոսքը այն մասին, թե կփորձի կապի ու տրանսպորտի ոլորտում նոր ծրագրերի համար գտնել ամերիկյան ներդրողներ: Սա միգուցե զուտ արարողակարգային խոսք է, բայց թերեւս պետք է արձանագրել, որ նախկինում այդպիսի խոսքեր կարծես թե չեն հնչել:
Կարծես թե ԱՄՆ որեւէ դեսպան Հայաստանի պաշտոնյաների հետ պաշտոնական հանդիպումներում չի խոսել այն մասին, թե կփորձի գտնել ամերիկյան ներդրողներ այս կամ այն ոլորտի համար: Այդ տեսանկյունից, Ջոն Հեֆերնի այդ խոսքը բավական ուշագրավ է, հատկապես նկատի ունենալով, որ խոսքը վերաբերում է զգալիորեն “ռուսաֆիկացված” ոլորտին:
Այդ իրողությունը հետաքրքրական է համանման մեկ այլ իրավիճակի ֆոնին: Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների պատրաստակամության մասին պաշտոնապես հայտարարեց Ֆրանսիան: Մինչդեռ էներգետիկան Հայաստանում եւս հանդիսանում է ռազմավարական այն ոլորտը, որը կապից ու տրանսպորտից ավելի է “ռուսաֆիկացված”:
Այդ համատեքստում, նկատելի է, որ գոնե հայտարարությունների մակարդակով կարծես թե “սառույցը շարժվում” է եւ խոսք է գնում այդ ռազմավարական ոլորտներում արեւմտյան ներդրումների մասին, այսինքն այդ ոլորտները ռուսական “սրբություն սրբոցից” առավել դիվերսիֆիկացված տարածության վերածելու մասին:
Իհարկե, այդ ամենը դեռ շատ քիչ է այդ գործընթացի առարկայացման մասին խոսելու համար, քանի որ հայտարարությունները դեռ պետք է ունենան գործնական դրսեւորումներ իրագործման ուղղությամբ: Բայց, հատկանշական է, որ հայտարարություններն արդեն կան, եւ թերեւս հետաքրքրական է նաեւ, որ պաշտոնական Երեւանն էլ առանձնապես “խուճապի” չի մատնվում դրանք լսելիս:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: