Sunday, November 27, 2011

Ֆրանսիացի փորձագետ. Թուրքիայի արտաքին քաղաքականությունում Հայաստանի հետ մերձեցումը կարող է լինել «արաբական գարնան» գործոնի հակակշիռը

News.am. 26-11-2011- Թեեւ Թուրքիան չի վավերացնում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, սակայն կցանկանար միջոց գտնել վավերացնելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի (IFRI) փորձագետ, Թուրքիայի քաղաքականության խնդիրները հետազոտող Դորոթե Շմիդը` մեկնաբանելով արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի արտահայտությունները:
Նշենք, որ Գյուլը հոկտեմբերի 23 –ին Լոնդոնում հայտարարել էր, թե հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես չեն մահացել, սակայն երկու երկրների հարաբերությունները կարճ ժամանակահատվածում չեն կարգավորվի. «Հայ-թուրքական հարաբերություններն այն աստիճան են սառած, որ անգամ փչելով չեն հալչի»,- ասել էր Գյուլը:
Ի պատասխան հարցին, թե նշանակո՞ւմ է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում հիմնական նախադրյալը մնում է ղարաբաղյան խնդիրը, փորձագետը նշեց, որ դա հնարավոր է. «Սակայն պետք է նաեւ գիտակցել, որ Թուրքիայի գործող իշխանությունը կցանկանար արձանագրությունները չարգելափակելու միջոցներ գտնել` նաեւ «արաբական գարնան» հետ կապված բարդ իրավիճակի պատճառով: Դրա համար կամք կա, սակայն տվյալ պահին դա հնարավոր չի թվում»,- նշեց Շմիդը:

Նրա կարծիքով` ներկայումս «արաբական գարունը» թուրքական դիվանագիտության համար ոչ հեշտ իրավիճակ է ստեղծում` «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության համատեքստում: Բարդություններ են առաջանում Սիրիայի, ինչպես նաեւ Իրանի հետ, որը դժգոհ է թուրքական տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ների տեղակայումից: «Թեհրանն ուշադիր հետեւում է Բաշար Ասադի ռեժիմի նկատմամբ Թուրքիայի արձագանքին: «Մեղմ ուժի» քաղաքականության իմիջի համար Թուրքիան պետք է հավասարակշռության նոր կետեր գտնի: Եւ այդ հարաբերություններում միանգամայն բնական է Հայաստանի հետ մերձացման հարցի վերածնունդը»,-նշեց փորձագետը:

No comments: