Thursday, November 3, 2011

Իսրայելի Կնեսետի նախագահը մտադիր է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Tert.am. 2-11-2011- Իսրայելի խորհրդարանի (Կնեսետ) խոսնակ Ռեուվեն Ռիվլինը երեկ հայտարարել է, որ ցանկանում է Կնեսետում Հայոց ցեղասպանությանը նվիրված լիագումար նիստ հրավիրել։ «Որպես հրեա և իսրայլեցի իմ պարտականությունն է ճանաչել այլ ժողովուրդների ողբերգությունները»,– Asbarez.com կայքի հաղորդմամբ՝ ասել է Ռիվլինը։
Իսրայելի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ որքան էլ դիվանագիտական նկատառումները կարևոր լինեն, դրանք «չպետք է մեզ խանգարեն ճանաչելու մեկ այլ ժողովրդի ապրած ողբերգությունը»,–ասել է նա։
Նշենք, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Կայքը ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման (Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այս տարվա մայիսի կեսերին Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողով ներկայացվեց «Մերեց» կուսակցության կողմից, որին աջակցել էր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը) և ապրիլի 24-ն Իսրայելում որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր (բանաձևը ներկայացրել էր Կնեսետի անդամ Առիե էլդադը, այն նախատեսում է նաև ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության թեմայով դասընթացներ իրականացնել Իսրայելի դպրոցներում) հռչակելու վերաբերյալ բանաձևերի քննարկումներն Իսրայելի խորհրդարանում տեղի են ունենալու առաջիկա շաբաթներին։

No comments: