Sunday, November 20, 2011

ԱՄՆ. Իրանը «աննախադեպ մեկուսացման» եզրին է

News.am. 19-11-2011- Իրանը գտնվում է «աննախադեպ մեկուսացման» եզրին` Թեհրանի միջուկային զենքի ստեղծմանն ուղված աշխատանքների կապակցությամբ դեմ արտահայտված աշխարհի բոլոր գերտերությունների համերաշխ դիրքորոշման ֆոնի վրա: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գործով խորհրդական Թոմ Դոնիլոնը, հայտնում է Reuters-ը: Դոնիլոնի նշած գերտերությունների ցանկում ԱՄՆ-ի հետ մեկտեղ նշվել են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք «միայն մեկ նպատակ ունեն` իրանցիներին թույլ չտալ առաջ գնալ միջուկային զենք ստեղծելու գործընթացում»:
CNN հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մոտ ժամանակներս պատրաստվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ: Նոր պատժամիջոցները կվերաբերեն ԻԻՀ նավթաքիմիական արդյունաբերությանը: Դրանց մասին որոշումը կարող է ընդունվել նոյեմբերի 21-ին:
Եվրամիության երկրները եւս մոտ ժամանակներում կարող են նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Դա կորոշվի ԵՄ ղեկավարների հանդիպումից հետո, որը կկայանա հաջորդ շաբաթ:

No comments: