Thursday, November 10, 2011

Հայոց լեզվի դասընթաց` Իրաքի դպրոցներում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի հայ համայնքի կրթական եւ երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր:
Տեր Ավագ արքեպիսկոպոսը նախարարին տեղեկացրել է, որ մարզի կրթական գերատեսչության ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2011 թվականի սկզբից Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքի պետական դպրոցներից մեկում կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որին մասնակցում է շրջանի 44 հայ աշակերտ: Առաջիկայում նախատեսվում է նաեւ հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել Իրաքի այլ շրջաններում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2012թ-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպել իրաքահայ երիտասարդների այցելություն Հայաստան:
Հրանուշ Հակոբյանն էլ հյուերին ներկայացրել է Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: 2010թ-ին նախարարությունն ուսումնասիրել է Հայաստանում բնակվող իրաքահայերի հիմնախնդիրները, մշակել հայեցակարգ: Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման 2011թ-ին ծրագրի շրջանակներում նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Հայաստանում բնակվող իրաքահայերի հետ: Հայաստանում բնակվող իրաքահայերին նախարարության միջնորդությամբ ցուցաբերվում է բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաեւ իրականացվում են սոցիալական եւ այլ խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրեր:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետկապերի վարչությունից:

No comments: