Wednesday, November 23, 2011

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` Ֆրանսիայի Սենատում

Tert.am. 23-11-2011- Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, օրինագիծը Սենատի օրակարգ է բերվել սոցիալիստների կուսակցությունից հայազգի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ։
Իր բլոգում հայազգի սենատորը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Հոլանդը, ով 2012թ. նախագահական ընտրություններին ներկայացնելու է Սոցիալիստական կուսակցությունը, խոստացել են աջակցել օրինագծի ընդունմանը։
«Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստի ցանկացած ժխտում հարված է՝ ուղղված հանրապետության արժեքներին»,– գրել է Ֆիլիպ Կալտենբախը։
Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից ընդունվել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին:

No comments: