Thursday, November 24, 2011

Հայ փորձագետ. Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա

News.am. 23-11-2011- Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ գերպետությունների քաղաքականությունը բավականին կոշտ է, ինչն արտահայտվում է աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու մտադրությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու Ռուդիկ Յարալյանը: Նրա խոսքով` պատժամիջոցների կիրառումը վնաս կհասցնի Իրանի տնտեսությանը:
«Իրանը չի գնա այնպիսի կտրուկ քայլերի, որոնք ծանր իրավիճակի կհանգեցնեն: Բացի այդ, չպետք է մոռանալ Ռուսաստանի եւ Չինաստանի գործոնը, որոնք չեն ողջունում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի եւ Գերմանիայի նախաձեռնությունը: Ամեն ինչ կախված է նաեւ Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումից»,- նշեց իրանագետը:
Պատասխանելով հարցին, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ինչպես կանդրադառնա հայ- իրանական հարաբերությունների վրա, փորձագետն ասաց. «Բնականաբար, վատ կանդրադառնա, քանի որ կարող են լուրջ խոչընդոտներ ի հայտ գալ առեւտրաշրջանառության ոլորտում, ինչպես նաեւ մի շարք միջպետական պայմանագրերի իրականացման առումով: Եթե Իրանի նկատմամբ լայնամասշտաբ միջոցառումներ ձեռնարկվեն, ապա լավագույնը, ինչ կարող է անել Հայաստանը, չեզոքությունը պահպանելն է: Դա դժվար կլինի անել, սակայն ստիպված կլինենք»:

No comments: