Monday, November 7, 2011

Դամասկոսն ու Թեհրանը պայմանավորվել են հարվածել Թուրքիային

Tert.am. 7-11-2011- «Դամասկոսի և Թեհրանի միջև գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրներից որևէ մեկի վրա հնարավոր հարձակման դեպքում թշնամուն համատեղ ուժերով հակահարված տալու մասին»,– գրում է Քուվեյթում լույս տեսնող «Ալ–Սիյասահ» պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության աղբյուրները։
Թերթը գրում է, որ ամերիկյան և եվրոպական հատուկ ծառայությունների ձեռքում հայտնվել է Դամասկոսի ու Թեհրանի կազմած 6 կետից բաղկացած ծրագիրը, որի համաձայն՝ Իրանն ու Սիրիան համատեղ հակահարված են հասցնելու արտաքին միջամտության դեպքում։ Թիրախների ցանկում տեղ է զբաղեցնում նաև Թուրքիան։
«Իրանի կամ Սիրիայի վրա հնարավոր հարձակման դեպքում Թեհրանն ու Դամասկոսը հակահարված են հասցնելու հետևյալ ուղղություններով.
1. Իրաքի, Սիրիայի և Իրանի սահմանից համաժամանակյա հարձակում է տեղի ունենալու Թուրքիայի վրա, որտեղ մասնավորապես ռմբակոծվելու են ամերիկյան թիրախները, այդ թվում՝ ռազմակայանները։
2. Կարմիր ծովում Համասն ու Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակումներ են իրականացնելու Սուեզի ջրանցքի վրա՝ ամերիկյան և եվրոպական նավերի անցումը խոչընդոտելու համար։ Հարավից հարձակումներ են իրականացնելու Եմենի և Սոմալիի զինյալները։
3. Ծոցի շրջանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակումներ է գործելու արևմտյան երկրների նավերի վրա։ «Հզբոլլահը» և Իրանին աջակցող խմբավորումները Բահրեյնում, Քաթարում և Միացյալ Արաբական Էմիրություններում հարձակումներ են գործելու ամերիկյան ռազմակայանների վրա։
4. Իրանի հետախուզությունն Աֆղանստանում ՆԱՏՕ–ի ուժերի դեմ հանդես եկող խմբավորումներին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար հատկացրել է առանձին բյուջե։
5. «Հըզբոլլահից» պահանջվելու է իր վերահսկողության տակ վերցնել Լիբանանի բոլոր պետական կառույցները և ռմբակոծել ՆԱՏՕ–ի անդամ երկրներին պատկանող թիրախները։
6. «Համասը» Գազայի հատվածում ակտիվացնելու է Իսրայելի հրթիռակոծությունները։ Իսրայելի կողմից պատասխան հարված լինելու դեպքում Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադը գործի է դնելու բանակը»,– գրում է «Ալ–Սիյասահ» պարբերականը՝ ավելացնելով, որ Սիրիան և Իրանն իրենց գործունեությունն ակտիվացնելու են ԱՄՆ–ի և Մեքսիկայի սահմանին, Մեքսիկական ծոցում և Վենեսուելայում։

No comments: