Monday, November 7, 2011

Իրանական կայք. Ադրբեջանին սպասվում է Լիբիայի ճակատագիրը

Panorama.am. 7-11-2011- Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է ողբալի վիճակում:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական կայքը, անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների թեմային, գրում է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարգադրությամբ` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ սև ցուցակ է կազմվում, որի համաձայն` ադրբեջանցի պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ»:
«Բրիտանական «Գարդիան» պարբերականի հաղորդմամբ`Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած «Մեր ճանապարհը ժողովրդավարությունն է» հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Իսկ ամերիկյան և եվրոպական փորձագետների գնահատմամբ` Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է ողբալի վիճակում»,-նշում է իրանական աղբյուրը:
Հոդվածագիրը, հղում կատարելով «Պոլիգոն» պարբերականին, գրում է. «Արևմուտքն Ադրբեջանի իշխանությունների առջև լուրջ խնդիր է դրել: Եթե Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն իրապես պայքարելու կաշառակերության դեմ, ապա պետք է նրանք սկսեն հենց իրենցից: Ինքը` Ադրբեջանի կառավարությունն է կոռումպացված, քանի որ 15 տարի գտնվում է իշխանության ղեկին: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կառավարությունը պետք է հրաժարական տա, փոխարենը` իշխանության պետք է գան միանգամայն նոր մարդիկ»:

Իրանական կայքը, մեջբերելով ադրբեջանցի քաղաքագետ Էլգար Մամեդովի խոսքերը, գրում է. «Եթե Ադրբեջանը կարծում է, որ ընտրվելով ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, միջազգային հանրության ճնշումները կնվազեն, չարաչար սխալվում է, քանի որ երկու տարի առաջ նույն Լիբիան էր հանդիսանում վերոնշյալ կառույցի անդամ:
Անդրադառնալով Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ ընտրվելու թեմային` իրանական կայքը գրում է. «Եվրամիության երկրները և ԱՄՆ-ն ընտրության ժամանակ դեմ են քվեարկել Ադրբեջանին, և ի պատասխան, Իլհամ Ալիևն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին պաշտոնանկ արեց»:

No comments: