Wednesday, November 30, 2011

Վահագն Խաչատրյանի տարօրինակ հայտարարությունները Թուրքիայում

HayNews.am. 30-11-2011- Թուրքական լրատվամիջոցները տարածել են Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի արած ուշագրավ հայտարարությունները Թուրքիայում:
«Դողան» գործակալության փոխանցմամբ, Խաչատրյանը մասնակցել է «Ադանայում քննարկում են հայ-թուրքական հարաբերությունները» կոնֆերանսին, որի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել:
Մասնավորապես, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին և հայ-թուրքական հարաբերություններին` ՀԱԿ անդամը Թուրքիայում հայտարարել է, որ «մեծ թվով տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով հայաստանցիները չեն ցանկանում իրենց ուշադրությունը կենտրոնացնել այս հարցերի վրա»:
«Հայաստանում ապրող հայերի համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները ոչ մի օգուտ չեն տալիս»,-նշել է Խաչատրյանը:
Վերջինս նշել է, որ կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանը որքան հնարավոր է շուտ:
«Հայ և թուրք ժողովուրդները ցանկանում են բաց սահման տեսնել: Դրա կարիքն ունեն հատկապես սահմանին մոտ ապրողները… Արցախի խնդիրը շատ կարևոր է ամբողջ Հարավային Կովկասի համար: Վերջ չկա, երբ սկսվում են քննարկել թե Արցախում ով է մեծամասնություն եղել, ով փոքրամասնություն: Ամեն դեպքում, սահմանը փակ է, զարգացում չկա… Ցեղասպանություն ասելիս իմ մտքին այլ բան է գալիս, ձեր մտքին` այլ: Ամեն ինչից կարևորն այն է, որ Հայաստանն ու Թուրքիան հարևան երկրներ են: Բոլորս մի տեղ ենք ապրել»,-նշել է Խաչատրյանը:
Վերջինս նաև կոչ է արել Թուրքիային և Հայաստանին ինքնուրույն լուծել իրենց խնդիրները:

--
Հ.Գ. HayNews.am-ը փորձեց կապվել Վահագն Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք թուրքական հրապարակումները համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ, սակայն նրա բջջայինն անհասանելի էր:

No comments: