Wednesday, November 30, 2011

ԱՄՆ փոխպետքարտուղարը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքի hարցը

Panorama.am. 30-11-2011- իրավունքների ոտնահարումն ու քաղաքական ռեպրեսիաները
Հերթական անգամ միջազգային հանրությունը, այս անգամ՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով, քննադատում է մարդու իրավունքների ոտնահարման ու քաղաքական ռեպրեսիաների իրականացման ավանդական գործելաոճից չշեղվող Ադրբեջանին: Օրերս ամերիկյան հեղինակավոր «Քարնեգի» վերլուծական կենտրոնում կայացել է Հարավային Կովկասին նվիրված քննարկում: Հնչել են Ադրբեջանի պահվածքը դատապարտող ելույթներ:
Թերևս, արդեն որպես սովորական իրողություն է դիտարկվել այն, որ քննարկմանը մասնակցող ադրբեջանցի լրագրողներն ու հասարակական գործիչները, օգտվելով ազատ խոսք արտահայտելու բացառիկ հնարավորությունից, իրենց հերթին են պախարակել Ալիեվների կլանին՝ սեփական երկրում քաղաքական հետապնդումներ, լրագրողների սպանություններ ու բռնություններ իրականացնելու համար: Այս ելույթներով Ադրբեջանի ներկայացուցիչներն, ըստ էության, համաձայնել են ԱՄն փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի դիտարկումներին ու վերջինիս ելույթի շեշտադրումներին: ԱՄՆ պետական պաշտոնյան իր գնահատականներով ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում են «ժողովրդավարության ուղին բռնած» Ադրբեջանի իշխանությունների, մեղմ ասած, ոչ ժողովրդավար գործունեությունը: Ավելին, փոխպետքարտուղարն ուղղակիորեն է հայտարարել այս մասին:
Պատասխանելով Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման ու միևնույն ժամանակ Ադրբեջան-ԱՄՆ համագործակցության բնույթի մասին ադրբեջանցի հասարակական գործչի հարցին՝ Էրիկ Ռուբինը նշել է. «Սերտորեն համագործակցում ենք, բայց ունենք անհամաձայնություններ: Այսպես կբնորոշեի մեր գործակցությունն Ադրբեջանի հետ: Իհարկե, մտահոգ ենք մարդու իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակով: Բաքվին կոչ ենք անում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ: Դեսպան Մեթյու Բրայզան այսօր հայտարարություն է արել լրագրող Ռաֆիկ Թագիի սպանության կապակցությամբ: Թերևս ավելորդ է կրկնել, որ շատ մտահոգ ենք»:

Ինչպես արդեն նշվեց, սեփական երկրում տիրող վիճակի մասին Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից քննադատական և ուշագրավ ելույթների պակաս քննարկմանը չի նկատվել, իսկ վերլուծության ընդհանուր շեշտն այն հանգամանքի վրա է եղել, որ Բաքվում, ի տարբերություն Հայաստանի, խափանվում են ընդդիմադիրների հավաքները, Ադրբեջանը վերածվել է մի ընտանիքի, ավտոկրատիայի, հետապնդվում են նույնիսկ Facebook-ում ընդդիմադիր կոչեր անողները, երկրում կասեցվել է արևմտյան, ամերիկյան լրատվամիջոցների հեռարձակումը…
Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող համեմատական վերլուծության ժամանակ անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության թեմային: Կարևորվել է փոխհամաձայնության ուղղությամբ աշխատանքների ակտիվացման գաղափարը: Ըստ էության՝ շրջանցվել են տարածքային ամբողջականությանը վերաբերող Ադրբեջանի ամբողջատիրական նկրտումները: Տարածքային ամբողջականության մասին խոսելիս նշվել է միայն Վրաստանի անունը՝ Աբխազիայի ու Օսեթիայի հակամարտությունների համատեքստում:
ԱՄն փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ շեշտելով. «Թուրքիան է, որ պետք է վավերացնի արձանագրությունները»:
«Քարնեգիում» անդրադարձել են նաև Հարավային Կովկասում քաղաքական ընտրությունների թեմային: Հայաստանից դրական ակնկալիքներ կան, փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը նշել է դրա նախադրյալների մասին. «Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում ընտրություններից առաջ, ոգևորիչ է: Կառավարությունը ոչ միայն ասում է, որ ճիշտ քայլեր է կատարելու, այլև հավատում ենք, որ հանձն է առել իրականացնել ազատ և արդար գործընթաց: Իհարկե, առանցքայինն այս հանձնառությունների կենսագործումն է ու ոչ խոստումը, բայց հաշվի առնելով, թե ինչ իրավիճակում էր Հայաստանը մեկ տարի առաջ և որտեղ է հիմա, դրական զարգացումներ ենք արձանագրում: Շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը»:
Համաշխարհային հեղինակավոր վերլուծական կենտրոններում նմանատիպ քննարկումներ՝ վերաբերող Հարավային Կովկասի երկրների ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրներին, իհարկե, էլի կլինեն: Միջազգային հանրությունը նույնիսկ ամենավառ արտահայտված աշխարհաքաղաքական շահի պարագայում չի կարողանա անտեսել ու շրջանցել այն իրականությունը, որն առկա է Հարավային Կովկասի երկրներից մեկի ներքին կյանքում ու չնկատել այն տաբերությունը, որն առկա է նույն տարածաշրջանի մեկ այլ երկրում: «Քարնեգի» հաստատությունում կայացած քննարկումը դրա վկայություններից մեկն է, իսկ թե ինչ հետևություններ կանի Ադրբեջանը դրանից ու կանի՞ արդյոք հետևություններ, գուցե երևա այս երկրի ներքին կյանքում հետագա զարգացումների արդյունքում:

No comments: