Tuesday, November 15, 2011

Իրաքն անցնելու է Իրանի՞ վերահսկողության տակ

Tert.am. 15-11-2011- Ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերվելուց հետո այդ երկիրն անցնելու է Իրանի վերահսկողության տակ։ Թուրքական մամուլում նման տեսակետ է սկսել շրջանառվել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մուհամեդ Ալի Ջաֆերիի հայտարարությունից հետո։
Ինչպես տեղեկացնում է Իրանի պետական հեռուստատեսությունը, Մուհամեդ Ալի Ջաֆերին հանդիպել է Իրաքի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բաբաքիր Զեբարիի հետ։ Հանդիպումից հետո Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ կողմերը համագործակցելու են ռազմական ոլորտում։
«Իրաքը և Իրանը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս համագործակցելու են ընդդեմ ընդհանուր թշնամիների»,– հայտարարել է Ալի Ջաֆերին՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է ռազմական ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել իրաքցի գործընկերներին։

No comments: