Tuesday, November 15, 2011

Թուրք պատգամավոր. Տարածաշրջանում գլոբալ արշավ է ընթանում «Արաբական գարուն» անունով

News.am. 14-11-2011- Հարավային Կովկասում խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ պետություններին «տարածքային ամբողջականություն տրվի»: Այդ մասին Կովկասի լրագրողների ցանցում կայացած օնլայն-խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի «Ազգայնական շարժում» խմբակցության պատգամավոր, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օղանը` հավելելով, թե արդարացի աշխարհը Թուրքիայի հիմնական խնդիրն է:
Ապա թուրք պատգամավորը սկսեց շարադրել «արդարացի աշխարհի» իր տեսլականը` պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի իրացման համատեքստում: «Թուրքիան պաշտպանում է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել միայն այդ սկզբունքի հիման վրա: Թուրքիան կարծում է, որ խաղաղության դեպքում Հարավային կովկասը կծաղկի: Այդկերպ, Թուրքիան խաղաղությանն առաջնային նշանակություն է տալիս: Երբ խաղաղությունը հաստատվի, հասարակությունները, իհարկե նաեւ Հայաստանի հասարակությունը կօգտվեն այդ խաղաղությունից»,- նշել է Սինան Օղանը:

Նա միաժամանակ նշել է, թե «Զրո խնդիր հարեւանների հետ» ծրագիրը ի սկզբանե արդյունք չի տվել: «Ես նրանցից եմ, ով սկզբից եւեթ քննադատել է այդ քաղաքականությունը: Իրենց դերը խաղում են տարածաշրջանային եւ գլոբալ կոնյունկտուրաները: Ներկայումս տարածաշրջանում գլոբալ արշավ է ընթանում «Արաբական գարուն» անունով: Թուրքիան մասնակցում է տարածաշրջանի վերաձեւմանը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ միասին»,- ասել է նա:

No comments: