Wednesday, November 9, 2011

Գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է կայունացնել Հայաստանը

Tert.am. 9-11-2011- «Մենք պարտավոր ենք համընթաց քայլել ժամանակակից աշխարհի պահանջներին, պետք է վեր հանենք մեր տեսակին առավել հարազատ արժեքները»,– հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արդյունաբերողների և գործարարների (գործատուներ) միության 6–րդ համագումարում։ Նախագահի խոսքով՝ հարաբերական առավելությունները պետք է փնտրել ոչ միայն բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտում, այլև պետք է կարողանալ ճիշտ գնահատել բնությունից տրված առավելությունները։ Սերժ Սարգսյանը գործարարներին տեղեկացրեց, որ մասնագիտական խումբ է աշխատում մի մեծ ծրագրի նախանշման գործում. առաջիկայում գործարարներին կառաջարկվի մասնակցել մի մեծ ծրագրի, որը կարող է ոչ միայն ստեղծել աշխատատեղեր, այլև բերել կայունություն մեր երկրին։
Նախագահը համոզված է, որ տնտեսական զարգացմամբ է հնարավոր բարելավել մարդու կյանքը, ուժեղացնել պետականությունը, այդ խնդիրը որևէ մեկի մենաշնորհը չէ։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ պետք է ստեղծել սոցիալական և մշակութային նոր ծրագրեր։ Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում։ Պետությունը և գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ։ Բիզնեսին անհրաժեշտ է տնտեսական կայունություն և կայուն միջավայր, տարեցտարի նվազելու է բյուջեի դեֆիցիտ–ՀՆԱ հարաբերակցությունը։ «Բիզնեսին պետք է բարենպաստ գործարար միջավայր, մենք դա ապահովելու ենք»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Համագումարի արդյունքում ընտրվելու է միության խորհուրդ։ Սերժ Սարգսյանը պատրաստ է առաջիկա օրերին հանդիպել խորհրդի այն անդամների հետ, ովքեր նախագահին տեղյակ կպահեն իրենց որոշումների մասին։

No comments: